Հայաստանում անասնաբուծությունը բավական լուրջ անկում է ապրել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հուլիս ամիսներին անասնաբուծության ոլորտում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.7 տոկոս անկում է գրանցվել: Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա 7 ամիսներին պակասել է նաեւ մսամթերքի արտադրության ծավալները:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզեց, որ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 6.2, խոզի մսինը` 6.3, իսկ ոչխարինը` 3.8 տոկոսով: Գյուղացիների խոսքերով` անասնակերի թանկացման պատճառով իրենք ստիպված են եղել անցած տարում մորթել իրենց անասունները:
Բայց մյուս կողմից գումար չունենալու արդյունքում չեն կարողացել լրացնել մորթած անասնունների քանակը, ինչի պատճառով էլ այսօր հանրապետությունում ե՛ւ անասնագլխաքանակն է նվազել, ե՛ւ մսամթերքը: Եւ պահանջարկը բավարարելու նպատակով այսօր ներքին շուկայում վաճառվում է բելառուսական ծագում ունեցող մսամթերք: