Կրկես ԱԺ-ում. Բաբլոյանը մոռացել է, թե ինչպես էին քաղաքական կոնսեսուս ապահովվում Սերժ Սարգսյանի վերարտադրության համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում ՀՀԿ-ականների պահվածքը հիշեցնում է իրենց առաջնորդի հայտնի խոսքերը, թե «կրկեսի վերածելու հայրենիք չունենք»: ՀՀԿ-ականները, որ թավշյա հեղափոխությունից հետո իրենց հայտարարել են ընդդիմություն` միաժամանակ, պահպանելով օրենսդիր իշխանության ղեկավար պաշտոները, այս ընթացքում կարողացել են հմտորեն կրկեսի վերածել հենց ԱԺ-ն:
Երեկ ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն քաղաքական կոնսենսուսի միջոցով: «Դա քաղաքական գործընթաց է եւ քննարկման, կոնսենսուսի արդյունք կարող է լինել, այսինքն՝ դա չի կարող լինել մեկ կամ երկու մարդու կամ քաղաքական գործչի ցանկություն: Դա պետք է լինի կոնսենսուսի արդյունք», – ասել է Բաբլոյանը:

Եթե նման հայտարարությամբ հանդես գար խորհրդարանական որեւէ այլ կուսակցության ներկայացուցիչ, ապա միանգամայն նորմալ կհամարեինք: Մինչդեռ հիմա քաղաքական կոնսենսուսի արդյունքում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հրամայականի մասին խոսում է ՀՀԿ ներկայացուցիչն այն դեպքում, երբ երկու տարի առաջ բոլորս ականատես եղանք, թե հանուն Սերժ Սարգսյանի վերարտադրության իրենց իշխանությունն ինչպես կարողացավ նախ «քաղաքական կոնսենսուս» ապահովել, այնուհետեւ՝ սահմանադրական փոփոխություններ պարտադրել: Եթե մոռացել եք, հիշեցնենք Բաղրամյան պողոտայում Սերժ Սարգսյանի հանդիպումներն ամենատարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ. քաղաքական դաշտում առանցքային դերակատարություն ունեցող ուժերից մի քանիսին պարզապես բռնությունների եւ շանտաժի միջոցով հնարավոր եղավ բերել այդ դաշտ: Հետո Սերժ Սարգսյանի հետ հանդիպման համար հերթի կանգնեցրին մարդ-կուսակցություններին: Կուսակցություններ, որոնց անդամները հազիվ մի Ժիգուլու ուղեւորների չափ լինեն: Այդ մարդ-կուսակցությունների անուններն իրար կողքի հնչեցնելով` տպավորություն փորձեցին ստեղծել, թե սահմանադրական փոփոխությունների հարցում կա կոնսենսուս: Եւ այս ամենը իրոք մեկ մարդու, մեկ գործչի ցանկությամբ. այն գործչի, որ որոշել էր չհեռանալ իշխանությունից: Ուստի սահմանադրությունը փոխեցին, որ նա նախագահի պաշտոնը թողնելուց հետո իշխանավարի արդեն որպես վարչապետ, նոր սահմանադրությամբ` որպես պետության փաստացի ղեկավար: Բայց եւ այդ սահմանադրությունն ու իշխանությունը պահելու անհագ ցանկությունը դարձավ տապալման պատճառ:




Լրահոս