ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» դարձյալ տուն են կառուցում: Գարնանը քննարկված և համատեղ որոշմամբ ստորագրված պայմանագրի տեսանելի արդյունքը տանիքով ապահովված ընտանիքներն են լինելու: Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագիրն ընթացքի մեջ է, շինարարական աշխատանքներին կամավորագրված աշխատակիցների ջանքերը՝ վճռական:
Տուն կառուցելը հաճելի ավանդույթ է դարձել գործակցող կողմերի համար: Կամավորների թիմն այս անգամ եղել է Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում և մասնակցել Աթոյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությանը:
Չորս տարի առաջ, Աթոյանները փորձել են բնակարանի խնդիր լուծել, սակայն դա նրանց չի հաջողվել. ֆինանսական սուղ միջոցները ստիպել են հարմարվել իրավիճակին և գտնել խնդրի ժամանակավոր լուծում: Արամի գնած կիսակառույցին նոր քար չի ավելացել, ընտանիքն էլ սկսել է բնակվել ծնողների տանը, եղբոր ընտանիքի հետ՝ 11 անձով: Կիսակառույցը հուսալի տուն դարձնելու նպատակը մնացել է անկատար:
«Դեռևս չենք հավատում, որ շուտով կավարտենք շինարարությունը և կտեղափոխվենք մեր նոր տուն։ Սա մեծ երազանք էր, որն իրականություն դարձավ ձեր աջակցության շնորհիվ։ Ես և ընտանիքս անսահման երջանիկ ենք ու անչափ շնորհակալ, որ ձեռք մեկնեցիք՝ ավարտին հասցնելու մեր տունը»,- ասել է Արամը:
«Բոլոր այն տներում, որտեղ մասնակցում ենք շինարարության, փորձում եմ զգալ ընտանիքների տրամադրության փոփոխությունը: Ինչու՞: Որովհետև ծրագրի ամենակարևոր նպատակը տարիների հուսահատությունը ապագայի հանդեպ վստահությամբ փոխարինված տեսնելն է: Տան խնդիր լուծելու բեռն այնքան ծանր է մարդկանց համար, որ հաճախ, նրանք չափազանց զուսպ են արտահայտում նաև իրենց ուրախությունը: Վստահ եմ, որ այս երիտասարդ ընտանիքի համար վաղվա հեռանկարն այլևս անորոշ չէ: Կարևոր եմ համարում նաև այն, որ մեր գործընկերոջ հետ իրականացվող ծրագիրը մարզերի բնակիչներին թույլ է տալիս իրենց չզգալ անտեսված և արժանապատվությամբ կարգավորել անլուծելի թվացող հարցերը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մեր նպատակը ապրելու համար պարզ ու հարմարավետ միջավայր ստեղծելն ու ընտանիքի կյանքի որակի բարելավումն է: Ակնհայտ է, որ Արամի ընտանիքի համար բնակարան կառուցելով՝ մենք հնարավորին կթեթևացնենք նաև հայրական տան բեռը, ինչը կրկնակի հաջողություն է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Կամավորները կատարել են պատերի հարթեցման աշխատանքներ: Բարեկեցիկ պայմաններում ապրելու՝ ընտանիքի երազանքը մոտ ապագայում իրականություն կդառնա: