Սիրիական խնդրում ՌԴ-Թուրքիա կոնսեսուսը կազդի՞ արցախյան հիմնախդրի վրա. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիական ճգնաժամի հարցում ընդհանուր հայտարարի են եկել: Երեկ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Սոչիում ավելի քան չորս ժամ տեւած բանակցություններից հետո ստորագրվել է Իդլիբում իրավիճակի կայունացման մասին ռուս-թուրքական հուշագիր: Ըստ այդմ, Սիրիայի պետական բանակի եւ զինված ընդդիմության շփման գծում մինչեւ հոկտեմբերի 15-ը պետք է ստեղծվի 15-20 կիլոմետր խորությամբ ապառազմականացման գոտի, որից պետք է դուրս բերվի ծանր զինտեխնիկան: ՌԴ-ն ու Թուրքիան այդ գոտում համատեղ պարեկություն են իրականացնելու: Միաժամանակ երկու երկրները պայմանավորվել են Սիրիայում շարունակել պայքարն ահաբեկչության դեմ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններից հետո ընդգծել է, որ Իդլիբում ռազմական նոր գործողություն չի իրականացվի: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պնդել է, որ իրենց համոզմամբ` այս քայլերի իրականացումը քաղաքական նոր լիցք կհաղորդի սիրիական հակամարտության կարգավորմանը եւ խաղաղություն կհաստատի այնտեղ:

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ երեկ ձեռք բերված պայմանավորվածությունները կարեւոր են: Եթե հիշում եք, երեք տարի առաջ ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունները խզվել էին` հասնելով գրեթե թշնամանքի աստիճան: Սա այն բանից հետո, երբ թուրքական զինուժը թուրք-սիրիական սահմանին խոցել էր ռուսական ռազմական ինքնաթիռը: ՌԴ-ի ու Թուրքիայի միջեւ այն ժամանակ լարված հարաբերություններն իրենց ազդեցությունն ունեցան նաեւ ԼՂ խնդրի վրա: Ու տեսակետ կա, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հարցում որոշակի դերակատարություն է ունեցել նաեւ այդ փաստը՝ տարածաշրջանում գերլարվածությունը: Այդ էր պատճառը, որ Թուրքիան 2016թ. ապրիլին կոնկրետ աջակցություն էր ցուցաբերել Ադրբեջանին քառօրյա պատերազմը սանձազերծելու հարցում:

Հիմա չի բացառվում, որ տարածաշրջանում իրավիճակի կայունացումը հանգեցնի նաեւ ԼՂ խնդրում իրավիճակի մեղմացման, եթե, իհարկե, գերտերություները հերթական անգամ չեն որոշել Հայաստանը դարձնել մանրադրամ իրենց աշխարհաքաղաքական մեծ խաղերում` զոհաբերելով այն: Վերջին օրերին հատկապես հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը բավական լարված է. ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է ոչ միայն հայկական դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը: Միաժամանակ, Բաքվում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, թե իրենք մինչեւ վերջ կաջակցեն Ադրբեջանին ԼՂ խնդիրը լուծելու հարցում: Իսկ ավելի ուշ արդեն Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ԼՂ խնդրի կարգավորումը ձգձգելու համար:




Լրահոս