Նախընտրական քարոզարշավի պոպուլիզմը. ՕԵԿ-ն առաջին տեղում է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկու բան հիրավի անսահման են. տիեզերքը եւ մարդկային հիմարությունը, թեեւ տիեզերքի մասին համոզված չեմ»: Վստահ ենք`  այս խոսքերն ասելիս Ալբերտ Էյնշտեյնը չգիտեր հայաստանյան քաղաքական դաշտի հիրավի հզոր ռահվիրաների մասին: Այլապես Էյնշտեյնը անսահման կհամարեր նաեւ ռահվիրաների, մասնավորապես, Արթուր Բաղդասարյանի ու ՕԵԿ պոպուլիզմը:

Սա ամենեւին էլ չափազանցություն չէ: Նման եզրահանգման կարելի է գալ` հետեւելով Երեւանի ավագանու ընտրություններում այդ քաղաքական ուժի պահվածքին: Ճիշտ է, այս օրերին շատերի ուշադրությունը կենտրոնացած է «Իմ քայլը» դաշինքի դեմ կառավարությունում գործընկեր ուժերի սանձազերծած քարոզչական պատերազմի վրա, եւ ՕԵԿ-ը մղվել է ետին պլան, որովհետեւ ՕԵԿ-ը չի համարվում լուրջ մրցակից, չունի ավագանիում հայտնվելու շանսեր, ուստի կարելի է իրենց չնկատելու տալ:

Բայց քարոզչության ժամանակ ՕԵԿ-ականների պահվածքը երբեմն-երբեմն արժանի է ուշադրության, սա թեկուզ եւ այն պատճառով, որ մարդ համոզվի պոպուլիզմի անսահմանությանը: Այս կուսակցությունն այնպիսի նախընտրական խոստումներ է տալիս, որ որեւէ առնչություն չունի Երեւանի ավագանու եւ քաղաքապետի լիազորությունների հետ, եւ ի ցույց է դնում պետության եւ պետական կառույցների մասին ՕԵԿ-ում պատկերացումների իսպառ բացակայությունը:

Օրինակ` երեկ Զեյթունում ՕԵԿ-ականները խոստացել են հաղթելու դեպքում ստեղծել առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն, խոստացել են նվազեցնել կոմունալ վճարները, եւ այսպես շարունակ: Առաջին հայացքից շատ գայթակղիչ է թվում, բայց պարզ չէ, թե ինչպես է իրագործվելու:  Երեւանի քաղաքապետարանն ու ավագանին ո՛չ առեւտրային բանկ են, որ առանց կանխավճարի հիփոթեք տրամադրեն, ո՛չ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որ նվազեցնի կոմունալ վճարները, ո՛չ էլ այնպիսի ահռելի մեծ բյուջե ունի համայնքը, որ սեփական միջոցներով հոգա այդ խնդիրները:

ՕԵԿ-ն իհարկե միակը չէ. մեկ այլ քաղաքական ուժ էլ խոստանում է՝ եթե իրենց թեկնածուն ընտրվի քաղաքապետ, առաջնորդը սեփական միջոցներից գումարներ կներդնի ծրագրերի իրականացման համար, քանի որ տեղական բյուջեն սահմանափակ է, ներդրումներ կբերի` ու էլի մոռանալով, որ իրենք պետությունը չեն, եւ իրենց չի տրված պետական գործառույթներ:

Ի դեպ, քարոզարշավի ավարտին հաշված օրեր են մնացել, եւ հիմա սպասում ենք՝ ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում Կարսը, Մուշն ու Արդահանը ետ բերելու եւ, ընդհանրապես, Ծովից-ծով Հայաստանը վերականգնելու խոստմանը. երեւի սա էլ կա՛մ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգության», կա՛մ Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանիի» տիրույթում է: Այնպես որ, սպասենք պոպուլիզմի նոր չափաքանակի:




Լրահոս