Մարդու իրավունքները խախտել են նախկին իշխանությունները, բայց փոխհատուցում պետք է տրամադրի Փաշինյանի կառավարությունը. ՄԻԵԴ-ը հիմնավորեց. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2008թ. մարտի 1-ի գործերով առաջին վճիռներն է հրապարակել: Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի եւ Վարդգես Գասպարին ընդդեմ Հայաստանի գործերով ՄԻԵԴ վճիռները եղել են հօգուտ նախկին քաղբանտարկյալների:

Այսպիսով` ՄԻԵԴ-ն իր վճիռներով, ըստ էության, հաստատել է, որ մարտի 1-ի ոճրագործությունը եղել է իշխանությունների կողմից նախապես ծրագրված գործողություն, որի նպատակը եղել է բռնի ուժով ցրել կեղծված ընտրությունների դեմ ծավալված խաղաղ բողոքի ակցիաները:

Բացի այդ, ՄԻԵԴ-ը հաստատել է, որ նախկին իշխանությունների օրոք ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2008թ մարտի 1-ին հարուցված քրեական գործով թույլ է տվել հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներ, իսկ ՀՀ դատախազությունը հաստատել է այդ քրեական գործերով ակնհայտ անհիմն եւ անարդար մեղադրական եզրակացությունները։ Եւ վերջապես, ՀՀ դատական եռաստիճան համակարգը, խախտելով արդարադատության հիմնարար նորմերը, դակել է դատախազության կողմից հաստատված շինծու մեղադրական եզրակացությունները:

Դժվար չէ ենթադրել՝ ՄԻԵԴ-ը կբավարարի մարտի 1-ի գործով մյուս քաղբանտարկյալների բողոքները եւս: Ի վերջո, նախկին իշխանությունները խախտել են նրանց բոլորի իրավունքներն անխտիր: Ու հատկանշական է փաստը, որ ՄԻԵԴ որոշումները եղան այս օրերին, երբ Հայաստանում վերաբացվել է մարտի 1-ի գործը, եւ դրա շրջանակներում հիմա հերթով մեղադրյալի կարգավիճակում են հայտնվում նախկին իշխանության ներկայացուցիչները:

Ասել է, թե ՄԻԵԴ-ն էլ իր վճռով, ըստ էության, հիմնավորեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գործողությունները, առաջ քաշված պնդումը, որ 2008թ.-ին հանցագործություն տեղի է ունեցել ոչ թե ընդդիմության, այլ իշխանության կողմից: Ուստի պետք է պատասխանատվության կանչվեն նաեւ մարտի 1-ի գործերով իրավապահ եւ դատական մարմինների՝ արդարադատության դեմ հանցանք կատարած պաշտոնյաները:

Ի դեպ, ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ իշխանություններին որպես փոխհատուցում մեծ գումար տրամադրել դիմումատուներին՝ Սաղաթելյանին ու Գասպարիին:

Ու ստացվում է, որ նրանց իրավունքները խախտել են նախկին իշխանությունները, բայց փոխհատուցում պետք է տրամադրի այս կառավարությունը, որի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը եւս ժամանակին մարտի 1-ի գործով եղել է քաղբանտարկյալ, ու նրա իրավունքները եւս խախտվել են ամենակոպիտ կերպով: Այս դեպքում վարչապետը ճիշտ կաներ, եթե փորձեր օրենսդրական մեխանիզմներ ներդնել՝ այս գործերով փոխհատուցումները նախկին իշխանության ներկայացուցիչների հաշվին վճարելու համար: Ի վերջո, անցումային արդարադատության պարագայում միգուցե հնարավոր լինի այդպես վարվելը:




Լրահոս