Մոտ 82.5 մլն դրամի վնաս պետությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում 66 մլն 782 հազար 900 դրամի չափով սերմացուներ է փչացել, եւ 15 մլն 656 հազար դրամի չափով պակասորդներ են հայտնաբերվել: ՀՀ կառավարության 2017թ. որոշմամբ` ՊՈԱԿ-ին հանձնարարվել է չիրացված սերմացուները պահպանել:

Պարզվել է, որ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից չի կատարվել չիրացված սերմացուների պահպանությունը: Եւ 736 տոննա խմբաքանակը պահեստավորվել է ոչ մասնագիտացված պահեստներում: Չեն ունեցել խոնավության, ջերմության կարգավորման հնարավորություն: Արդյունքում պետբյուջեի միջոցներով ձեռք բերված 66 մլն 782 հազար 900 դրամի 229 տոննա սերմացուն վարակվել է ամբարային վնասատուով եւ դարձել ոչ պիտանի: Բացի այս` արձանագրվել է 15 մլն 656 հազար դրամի` 30,4 տոննա գարու, ցորենի եւ առվույտի սերմացուների պակասորդներ: Հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Մյուս կողմից` ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ իրենք սերմացու չեն պահեստավորել: «Տարիներ շարունակ մեզ մոտ այդ վիճակը չի եղել:

Ուղարկել ենք մարզեր: Իսկ հետո նախարարության ծրագիրը կառավարության 2017 թվականի որոշմամբ փոխվեց, եւ մենք ստիպված էինք այն պահեստավորել ոչ մասնագիտացված պահեստներում: Մենք մեղք չունենք այստեղ: Դե, հիմա նման թվեր են գրել, բայց գրելով չէ, դեռ քննություն պետք է անեն, կգան, ես կբացատրեմ»,- արդարացավ ՊՈԱԿ-ի տնօրենը: Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արձագանքեց. «Պետք է դեռ ճշտվեն քանակությունները, թե իրականում որքանն է ծլողունակությունը կորցրել»: Ըստ փոխնախարարի` նախարարության մասնագետները տեսել են «ոչ պիտանի սերմացուն»: Բայց փաստ է, որ վնասված սերմացուի ծլողունակությունը ցածր է, եւ այն չի կարող օգտագործվել որպես սերմացու: Մյուս կողմից, ԳՆ-ն այլեւս ձեռնպահ է մնալու նմանատիպ ծրագրերի իրականացումից: «Մեր մոտեցումը այլ է: Մենք շեշտը դնելու ենք տեղական սերմնաբուծության զարգացմանը, ծրագիրն ենք պատրաստում: Կներկայացնենք կառավարության հաստատմանը»,- լրացրեց փոխնախարարը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս