Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է ՀՀ-ում բնական գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչներն ու գործոնները: Սա վաղուց սպասված, նույնիսկ ուշացած որոշում էր: Ինչպես հիշում եք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հունիսին` ՌԴ այցի ժամանակ, հայտարարել էր, թե հասկանում է, որ Հայաստանի համար սահմանված սակագինը բացառիկ էժան է, բայց ՀՀ-ն «առավել բացառիկ» սակագին է ուզում: Նա նաեւ պնդել էր, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ գազի սակագինը ավելի շատ ներհայաստանյան խնդիր է, քանի որ սահմանին Հայաստանը գազը ստանում է ցածր սակագնով, սակայն մինչ սպառողներին հասնելը երկրի ներսում այն թանկանում է գրեթե կրկնակի անգամ:
Հայաստանի գազամատակարարման թեմային անդրադարձ եղել էր նաեւ սեպտեմբերին` Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ նրանք պայմանավորվել էին համատեղ աշխատել գազի եւ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը բարձրացնելու ուղղությամբ: Փաշինյանը նույնիսկ շեշտել էր. ««Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերությունից գազը գնում է «Գազպրոմ Արմենիա» դուստր ընկերությունը, բայց մինչեւ այն հասնում է սպառողին, գինն աճում է երկու անգամ: Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու է այդպես տեղի ունենում եւ գործընթացն ինչպես ավելի արդյունավետ դարձնել: Նախագահ Պուտինի հետ պայմանավորվեցինք համատեղ աշխատել այդ ուղղությամբ»:
Այնպես որ ակնհայտ է` Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը համաձայնեցված է ՌԴ իշխանությունների հետ ամենաբարձր մակարդակով: Եւ ենթադրվում է, որ որոշակի ժամանակ հետո իրոք գազի սակագինը կնվազի: Պարզապես պետք է հասկանալ, թե ինչպես կարելի է հասնել այդ նպատակին:
ՈՒ մինչ այդ աշխատանքային խումբը կսկսի գործունեություն ծավալել, նկատենք` այս տարիներին փորձագիտական մակարդակներում շատ է խոսվել գազի չհիմնավորված բարձր սակագնի մասին: Այս տարիներին եղել են բազմաթիվ ուսումնասիրություններ ու վերլուծություններ: Անգամ, եթե հիշում եք, նախորդ գումարման խորհրդարանում գազի գներն ուսումնասիրելու համար ձեւավորվել էր ժամանակավոր հանձնաժողով: Ճիշտ է, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի ղեկավարած հաձնաժողովը վստահության դեֆիցիտ ուներ, դրա պատճառով էլ հանձնաժողովի զեկույցը լուրջ չքննարկվեց, բայց, արի ու տես, որ այնտեղ կային նաեւ էական բացահայտումներ ՝ նույն «Գազպրոմ-Արմենիա» ընկերության չհիմնավորված ծախսերի, ներդրումների անվան տակ իրականացված միջոցառումների, գազի կորուստների մասին եւ այսպես շարունակ: