Հեղափոխության ընդամենը մեկ երանգը կամ «Ամեն ինչ լայվ ա լինելու», բա հետո՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, հումորիստ Հայկ Պետրոսյանի ներկայացումը կոչվում է «Ամեն ինչ լայվ ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները»: Մի քանի րոպեների ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ճամփորդելու Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ամենահիշարժան դրվագներով եւ այդ ամենին նայել արդեն հեռվից: Դե, իսկ ծիծաղը դահլիճում ոչ մի վայրկյան չդադարեց:
Սցենարային ճկուն լուծումները, նմանակումները, երաժշտական համարները եւ Հայկին բնորոշ սուր, ինտելեկտուալ, ենթատեքստային հումորները ձանձրանալու առիթ չտվեցին: Բայց մտորել, այնուամենայնիվ, պետք է: Այն, որ սթենդ-ափ ներկայացման ընթացքում Հայկի «դուխը» բավական բարձր էր, դա հասկանալի է: Երկրում իրավիճակ է փոխվել, եւ նախկիններին քննադատելը դարձել է ավելի դյուրին: Սերժ Սարգսյան, Վլադիմիր Գասպարյան, ԱԺ-ի 55 հոգի. նրանք արդեն, կարելի է ասել, «անցած էտապ են», եւ ծաղրելու համար խոչընդոտներ գրեթե չկան (թեեւ Հայկը միշտ է աչքի ընկել նախկին իշխանությանը ծաղրելու իր միտումով): Ամբողջ ներկայացման հիմքում ընկած էր այն գաղափարը, որ հեղափոխության հաղթանակը ժողովրդի հաղթանակն է: Անգամ մի պահ Հայկը հիշում է Մասիսը: Ասում է՝ նախկինում կար մի պահ, որ այն մեզ համար տեսանելի չէր, կարծես թե հոգիներս կուրացել էին, իսկ հիմա արդեն Մասիսն էլ տեսանելի է դարձել, քանի որ մարդկանց հոգիներն էլ փառավորվել են (ձեւակերպումը հեղինակինն է):

Եվ որքան էլ համաձայն լինենք Հայկի մի շարք շեշտադրումներին, չեմ կարող չնկատել, որ այս «դուխով» մոնո-ներկայացումը հեղափոխության ոչ բոլոր երանգներն էր արտացոլում: Ամբողջ ընթացքում ծաղրվում էին միայն Սերժ Սարգսյանն ու հանրապետականները: Այնինչ` արտիստը, որը որոշել է ծաղրել կամ սատիրայի դիմել, կամ հումոր անել, պետք է միայն մի կողմին չանդրադառնա: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կամ նրա թիմի անդամները հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո չեն արել մի բան, որը կարելի էր հումորային ներկայացման սցենարում ընդգրկել, դրանց վերաբերյալ հումոր անել: Անշուշտ, առիթները բազմաթիվ են եղել: Բայց դերասանը նախընտրել էր գնալ հեղափոխականների սրտով, եւ այնպիսի տպավորություն ունեմ, որ ուզեցել էր նրանց ոչ մի գնով չնեղացնել: Եթե չճանաչեինք Հայկի ազնիվ տեսակը, գուցե նույնիսկ մտածեի, որ մոնո-ներկայացումը պատվիրված է:

Ամբողջ ընթացքում մի քանի անգամ անդրադարձ կատարվեց միայն ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսային գաղտնալսված խոսակցությանը: Բայց դա էլ արվեց հօգուտ գաղտնալսվածների: Եթե, օրինակ, ներկայացումը դիտեր Սերժ Սարգսյանը, նա իրեն մինչեւ վերջ ծաղրված կզգար, ապա հազիվ թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ով, ի դեպ, դահլիճում էր, եւ ում Հայկը ողջունեց անձամբ, այդ զգացումն ունեցավ: Ընդհանուր տպավորություններն այսպիսին են. ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ բեմում, որտեղ այն արտացոլվում է, ունենք միատարրություն, միաբեւեռություն, կողմնակալ վերաբերմունք, սեւերի եւ սպիտակների բաժանում: Իսկ բեմն այն տեղն էր, որտեղ այդ բաժանումից կարելի էր գոնե խուսափել, բոլորին բերել, դնել նույն հարթության վրա ու հավասարապես ծաղրել, չէ՞ որ այս հեղափոխությունը նաեւ դրա համար էր: Այս հեղափոխությունը այն բանի համար էր, որ մենք ավելի ժողովրդավար լինենք, ավելի ազատ, ավելի անկաշկանդ: Չկաշկանդվել պետք է ոչ թե հին, այլ արդեն նոր իշխանությունից:

Աննա Բաբաջանյան




Լրահոս