ՖՈՏՈ. Զարմանում եմ՝ ինչպես են այսքան հեշտ կատակում նույն ծեծված թեմաների շուրջ. Հայկ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Հայկ Պետրոսյանը տեւական դադարից հետո օրերս ներկայացել էր հանդիստաեսին նոր ձեւաչափով: Դերասանը հանդես էր եկել իր հեղինակային եւ ոչ հեղինակային երգերով: ArmLur.am-ը Հայկի հետ զրուցել է երկար դադարից հետո հանդիսատեսի հետ շփման ջերմ զգացողությունների, ստեղծագործական նորությունների եւ երկրում առկա հասարակական տրամադրությունների մասին:

«Զգացողությունները շատ տարբեր էին, ինչ որ հարազատության զգացողություն կար, որ շատ կարոտել էի, շփումն էլ շատ անկեղծ էր եւ անմիջական, շատ երջանիկ եմ, որ բախտ ունեցա կրկին ելույթ ունենալ։ Այն ամենից հետո ինչ եղավ եւ տեսնելով այն, ինչ հիմա է կատարվում, ցավոք չեմ կարող «սթենդ ափ» ժանրում հանդես գալ եւ ընդհանրապես ասեմ, որ բավականին զարմանում եմ՝ տեսնելով, թե ինչպես են շատերը կրկին այսքան հեշտ կատակում, ծիծաղում՝ ընդ որում, նույն ծեծված թեմաների շուրջ։ Երբեմն ինձ թվում է, որ ես ու մի շարք մարդիկ տարբեր իրականություններում ենք ապրում, չնայած որ նույն քաղաքում ենք»,-նշում է մեր զրուցակիցը, եւ հավելում, որ շարունակում է ստեղծագործել, գրել հեղինակային երգեր՝ սիրո, պատերազմի, մարտական ընկերների, խրամատի, հայրենիքի եւ այլ թեմաների շուրջ։

Հայկը, մեզ հետ զրույցում անդրադառնալով պատերազմական բարդ շրջանը հաղթահարելուն, ընդգծում է, որ կան վերքեր, որոնք միշտ կմնան, ուղղակի պետք է սովորել ապրել դրանց հետ:

Դերասանը ցավով նկատում է, որ պատերազմը ոչ բոլորի կյանքն է փոխել. «Եթե բոլորը փոխվեին այսօր այլ պատկեր կլիներ, կոնկրետ իմ դեպքում ամեն ինչ էլ վերաարժեւորվել է, մի նոր որակ ձեռք բերել, ուրիշ խորություն, բայց ամենաֿկարեւորը Աստծո ներկայությունն է, որ այժմ միշտ զգում եմ, իրականում ամեն ինչ վերաարժեւորվել է նրա շնորհիվ։ Տպավորությունս այն է, որ հերթական անգամ մենք հայտնվել ենք նույն կոտրած տաշտակի առջեւ, քանզի դասեր չենք կարողանում քաղել անցյալի դառը փորձից։ Ժողովուրդը լայն իմաստով ոչինչ չի կարող անել, քանի որ այն մի մեծ դավադրության զոհ է եւ ղեկավարվում է ոչ թե խելքով, այլ կրքերով, ոչ թե իմաստուն մտքով, այլ տարբեր հրապարակներից հնչող անիմաստ կոչերով եւ ճիչերով։ Բայց խարհուրդ կտայի լսել խելացի, կիրթ եւ համարձակ մտածողություն ու ոգի ունեցող մարդկանց. նրանք կարող են մատնանշել փրկության ուղին»։

Կարծում եմ առաջիկա 8-10 տարիները մարդկության համար լինելու են շատ դժվար ժամանակներ։ Ձեւավորվում է մի նոր աշխարհակարգ , որի առաջին մեծ քայլը հին աշխարհը քանդելն է, եւ դրա ականատեսներն ենք մենք։ Այս նոր թվայնացվող աշխարհում իշխելու են կեղծավորությունը, խաբեբայությունը։ Սերն ու ազնվությունը երեւի լայն իմաստով կմոռացվեն որոշ ժամանակ, կարելի է ասել ատելու դարն է մեկնարկել․․․ հիմար կատակները կփոխարինեն սուր մտքին, խորիմաստ խոսքին փոխարինելու կգա դատարկաբանությունը։ Մենք՝ հայերս, պետք է վերջապես կարողանանք այս ցավի միջից դուրս գալ ավելի մաքուր եւ բյուրեղացած, որպիսի կարողանանք դիմակայել սպասվող արհավիրքներին եւ հարատեւել որպես ազգ։ Հանգուցալուծումը ազատությունն է բոլոր իմաստներով, որն իր մեջ անպայման պետք է ունենա առաքինություն եւ դիմացինի հանդեպ պատասխանատվության զգացում, բայց այն պետք է կարողանալ վաստակել»,-նշում է դերասան հայկ Պետրոսյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս