ՆՇԱՆԱԿՎԵՑԻՆ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՇԱՆՍԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության հինգ բուհերի ռեկտորների ընտրությունների, նախկինների լիազորությունների ժամկետների ավարտի եւ  պաշտոնակատարների նշանակման գործընթացները  մեզանում համեմատաբար նոր երեւույթ են, ուստի առաջին հերթին ճշտեցինք, թե այսպիսի դեպքերում ինչ է ասում օրենքի տառը:Մեզ լուսավորեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը: Այն է` ոչ միայն բուհերի, այլեւ բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններն ընտրվում են 2005 թ. կառավարության 224-Ն որոշման համաձայն: Իսկ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքը նախատեսում է, որ բուհերը պետք է ունենան կառավարման խորհուրդ, որն էլ անցկացնում է մրցույթը: Բուհի լիազոր մարմինը բաղկացած է 22-25 հոգուց, որում ընդգրկված են կառավարության անդամներ, բուհի ղեկավարներ, դասախոսներ եւ ուսանողներ: Խորհուրդը պարտավոր է հինգ օրվա ընթացքում երկու հայտարարություն տալ «Հայաստանի Հանրապետություն», «Կրթություն» թերթերում եւ նախարարության կայքում, որից հետո ընդունվում են թեկնածուների հայտերն ու 40 եւ ավելի օր անց նշանակվում է ընտրության օրը: Այս դեպքում ստացվում է մոտավորապես ապրիլի վերջին: Հինգ բուհերից երկուսում նախկին ռեկտորներն են պաշտոնակատար նշանակվել: «Կնշանակի` վստահել են»,-«Ժողովուրդ»-ի հարցին պատասխանեց Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական ինստիտուտի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Նույն կարգով «վստահել»  են նաեւ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզան Հակոբյանին:Իսկ այս ընթացքում կրքեր են բորբոքվում առանձնապես Մ. Հերացու անվան  պետական բժշկական համալսարանի եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շուրջ: Բայց քանի որ Գոհար Քյալյանն իրեն վերջնականապես վարկաբեկել է այս անգամ նաեւ ղեկավարության աչքին, թվում է, թե այլեւս շանս չունի: Թեեւ առաջադրվելու իրավունք ունի ե՛ւ տարիքի, ե՛ւ պաշտոնավարման երկրորդ ժամկետի առումներով: Ընդ որում, չի բացառվում, որ  նա «ինքնաառաջադրվի»: Ինչ վերաբերում է Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտին, ապա Արմեն Մազմանյանի հախուռն բնավորությունն ու աղմկահարույց պատմություններում  հաճախակի հայտնվելը որոշ տարակուսանքներ են առաջացրել թատրոնի մարդկանց մեջ: Մարդիկ իրավացիորեն կասկածելի են համարում, որ բուհի խորհրդի կազմից ազատվել են Սուրեն Հասմիկյանը, Ռուբեն Հովսեփյանն ու Գրիգոր Օրդոյանը, նրանց փոխարեն ներգրավվել են յուրայիններ Հարություն Խաչատրյանն ու Արա Երնջակյանը: Գուցե սխալվում ենք օտարների ու յուրայինների հաշվով: Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում երկրորդ անգամ է այս կարգով ընտրություն լինելու: 2006 թվականին նախկին ռեկտոր Սոս Սարգսյանը տարիքային սահմանափակման պատճառով (մինչեւ 65 տարեկան) չառաջադրվեց, եւ ընտրվեց Հրաչիկ Գասպարյանը: 2011 թվականի մարտի 9-ին լրացավ նաեւ վերջինիս պաշտոնավարման ժամկետը, եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը (իր լիազորությունն է) պաշտոնակատար նշանակեց ռեժիսոր Արմեն Մազմանյանին:Բուհի խորհրդի նախագահ Սոս Սարգսյանը կողմ է, որ ռեկտորը պիտի լինի «նորմալ մարդ», ու քանի որ խորհրդի «շատ լավ» կազմ ունեն, ըստ նրա` թեկնածուն կընտրվի, կաշխատի, հետո կտեսնեն: Նույնաբնույթ հարցեր ուղղեցինք նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մազմանյանին, սակայն նա խնդրեց զանգել մեկ ամիս հետո:«Ինչո՞ւ, որ ընտրվեք, հետո՞» հարցին էլ արձագանքեց. «Հարցը ընտրվելը չի: Ես հիմա կարող եմ երկար կյանքս պատմել, բայց դա լուրջ չի լինի: Հարցը նյութը յուրացնելու եւ լավ հասկանալու մեջ է, թե ինչ պիտի անել»:Ենթադրյալ մրցակիցների (որոնք կառաջադրվեն իբրեւ ռեկտորի թեկնածու) մասին  Մազմանյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ այդպիսիք  կլինեն. «Թերեւս, ինչո՞ւ չէ»:Հ.Գ. Ամենալավ վիճակում, թերեւս, Գավառի պետական համալսարանն է: Պաշտոնակատարը` 39-ամյա իրավագետ Ռուզան Հակոբյանը, 1995 թվականից բուհում է  աշխատում, իրենց կոլեկտիվում էլ, ըստ ռեկտորի, «կրքեր չեն բորբոքվում, կոլեկտիվի անդամները սիրով ու վստահությամբ են միմյանց վերաբերում»: Զարմացանք, որ տիկին Հակոբյանը խուսափեց ասել բուհի խորհրդի նախագահի անունը: Ճշտեցինք նախարարությունից (խորհրդի նախագահը բուհի հիմնադիր Հրանտ Հակոբյանն է` Հրանուշ Հակոբյանի հայրը)  եւ հասկացանք երկու բան` ինչու էր տիկինը հանգիստ եւ ինչու էր խուսափում անուն տալուց: Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզան Հակոբյանին ընտրելու է հարազատ հայրիկը: ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ




Լրահոս