Որքա՞ն երկար կպահպանվեն ձեռք բերված պայմանավորվածությունները. Փաշինյան-Ալիև զրույցի հետքերով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որպես այդպիսին, բանակցություններ չէին: Բայց կարճատեւ հանդիպման ժամանակ նրանք ձեռք են բերել պայմանավորվածություններ: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիեւի հետ ունեցած խոսակցությունից. քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություն ձեռք բերելու հարցը: Ն. Փաշինյանը հավելել է նաեւ, որ hանձնարարական ու համապատասխան հրաման է տրվել մեր զինված ուժերին: Բացի այդ, Փաշինյանը Իլհամ Ալիեւի հետ պայմանավորվել է` օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաեւ խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: «Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում»,- հայտարարել է Փաշինյանը:

Նկատենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ օպերատիվ կապի միջոցով հաղորդակցության հնարավորություն եղել է 1990-ականներին, եւ ասում են՝ դրա շնորհիվ հնարավոր է եղել սահմանին պահպանել հրադադարի ռեժիմը, արագ կասեցնել խախտման փորձերը: ՈՒ այս հնարավորության վերականգնումը կարող է էական նշանակություն ունենալ: Մինչ այդ Փաշինյանն ու Ալիեւը ստիպված են շարժվել նման միջոցառումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններով:

Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանման հարցում ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա նման բաներ եղել են նաեւ նախկինում: Սերժ Սարգսյանը եւս պարբերաբար Ալիեւի հետ հանդիպումներին նման պայմանավորվածություններ էր ձեռք բերում: Վերջին նման պայմանավորվածությունը 2017թ. հոկտեմբերի 16-ին էր Ժնեւում, եւ Ս. Սարգսյանը տեղեկացրել էր. «Պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` ե՛ւ Ադրբեջանի նախագահը, ե՛ւ ես դրանում խորապես շահագրգռված ենք»: Դրանից հետո սահմաններում խաղաղ էր, բայց որոշ ժամանակ անց Ադրբեջանը սկսեց գնդակոծել դիրքերը, անգամ խաղաղ բնակավայրերը:

Հետաքրքիր է՝ այս անգամ որքա՞ն երկար կպահպանվեն ձեռք բերված պայմանավորվածությունները, Ալիեւը որքանո՞վ իր խոսքի տերը կլինի: Ի վերջո, խաղաղությունը բխում է երկու երկրների, երկու ժողովուրդների շահերից:




Լրահոս