Փաշինյանի կառավարությունը կտրուկ ավելացրել է ռազմական բյուջեն. ի՞նչ նպատակ է հետապնդում այդ քայլը․ խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կտրուկ ավելացրել է ռազմական ոլորտի բյուջեն՝ մյուս տարվա համար այն հասցնելով գրեթե 530 միլիոն դոլարի: Ինչպես հայտնի է, կառավարության վերջին նիստում հաստատվեց 2019 պետական բյուջեի նախագիծը: Ըստ այդմ, հաջորդ տարի ՀՀ ՊՆ-ին հատկացվելուէ 256,4 միլիարդ դրամ՝ մոտ 530 միլիոն դոլար: Այս տարվա համեմատ, ռազմական ոլորտին հատկացվող գումարներն ավելացել են մոտ 13.6 տոկոսով. 2018-ի պետբյուջեով ՊՆ-ին հատկացված է 225,6 միլիարդ դրամ կամ մոտ 468 միլիոն դոլար: Նկատենք, որ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի ռազմական բյուջեն գնալով ավելացել է, սակայն ամենաշատ գումարը տրվել է 2017 թվականին, ընդ որում, բավական կտրուկ էր տարբերությունը նախորդող տարվա համեմատ. եթե 2016թ. հատկացվել էր 470 մլն դոլար, ապա 2017-ին այդ թիվը հասավ մոտ 610 մլն-ի: Սա, թերեւս, պատահական չէր, այլ հետեւանքն էր ապրիլյան քառօրյա պատերազմի: Ու սխալված չենք լինի, եթե ասենք, որ նախկին իշխանություններն այդ քայլին գնացին ինչ-որ տեղ նաեւ քարոզչական նպատակներով:

Այլապես, անհասկանալի է` 2017թ. ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցեց «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով, բայց ռազմական ոլորտին 2018թ. բյուջեով հատկացվեց արդեն ավելի քիչ գումար՝ մոտ 468 մլն դոլար, ինչը 142 մլն դոլարով պակաս էր նախորդ տարվանից: Ընդ որում, նախկին իշխանությունների օրոք հատկացված գումարների մի մասն էլ անխնա թալանվել է, ՊՆ-ում եւս կոռուպցիան եղել է աներեւակայելի չափերի: Ասվածի ապացույցը նոր իշխանությունների օրոք բացահայտումներն են:

Հիմա, իհարկե, իրողությունները փոխվել են. թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարության ղեկը ստանձնել է Նիկոլ Փաշինյանը, որ ակտիվ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ: ՈՒ ներկայացնելով ավելի մեծ բյուջե` բնական էր, որ նա այդ գումարից զգալի բաժին պետք է հատկացներ ռազմական ոլորտին: Ի վերջո, Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն դեռ չի կարգավորվել, այլեւ ամեն րոպե առկա է պատերազմի վերսկսման վտանգը, մանավանդ, երբ վերջին շրջանում Ադրբեջանն ավելի հաճախակիացրել էր ոչ միայն Ղարաբաղի, այլեւ ՀՀ սահմանի գնդակոծությունները: Ճիշտ է, արդեն Դուշանբեում Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմը պահպանելու վերաբերյալ (այդ մասին պաշտոնապես հայտարարել են երկու երկրների ղեկավարները), բայց Ալիեւը ոչ մեկ անգամ է այդ հարցի շուրջ համաձայնություն տվել, բայց եւ մի քանի օր անց խախտել պայմանավորվածությունները:




Լրահոս