Խորհրդարանում առաջարկվում է ստեղծել եւս մեկ քննիչ հանձնաժողով: Այս անգամ առաջարկվում է քննիչ հանձնաժողով ձեւավորել ուսումնասիրելու Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածության հարցը, «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գործունեության առանձնահատկությունները: Նախաձեռնության հեղինակն էլ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է: Անշուշտ նա բավական լավ առաջարկ է ներկայացրել, խորհրդարանն ունի վերահսկողական լուրջ լիազորություններ եւ պետք է դրանք գործադրի:
Միայն թե զարմանալի զուգադիպությամբ այս առաջարկն արվում է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ՝ ՀՀ-ում բնական գազի գնագոյացման վրա ազդեցություն ունեցող գործոնների եւ բաղադրիչների ամբողջական ուսումնասիրության հետ կապված: Ասել է թե` խորհրդարանում ներկայացված առաջարկը գրագողություն է հիշեցնում` որոշակի փոփոխություններով, իհարկե: Հիմա տպավորություն է, որ խորհրդարանում փորձում են կառավարության հետ մրցավազքի մեջ մտնել ցույց տալու, թե իրենք ավելի մտահոգ են երկրում ստեղծված իրավիճակով, ուստի քայլեր են անում այդ ուղղությամբ:
Բացի այդ, Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները վերջին երեք տարում չեն բարձրացել, ընդհակառակը, որոշակի գնանկում է տեղի ունեցել: Ու անհասկանալի է՝ պատգամավորն ինչո՞ւ հիմա է հիշել այս ամենի մասին, ինչո՞ւ նման նախաձեռնություն չէր ներկայացվում Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամանակ. վախենո՞ւմ էին, թե՞ պարզապես չունեին համապատասխան թույլտվություն: Թե՞, այնուամենայնիվ, Հայաստանի ու ՌԴ իշխանությունների վերջին հանդիպումներից հետո հասկացել են՝ կան էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների նվազման հնարավորություններ, ըստ այդմ, փորձում են իրենցով անել ձեռքբերումը:
Ինչ վերաբերում է ստեղծվելիք ԱԺ քննիչ հանձնաժողովին, հիշեցնենք, ժամանակին նախորդ գումարման խորհրդարանում ձեւավորվել էր գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Ու թեեւ այդ հանձնաժողովի եզրակացությունը միանշանակ չընդունվեց (վերջին պահին ՀՀԿ-ականները սովորության համաձայն արեցին այնպես, որ այդ հանձնաժողովի զեկույցը եւս ներկայացվի օրենսդրության ոտնահարմամբ` փաստաթուղթը զրկելով լեգիտիմությունից), այնուամենայնիվ այնտեղ կային որոշակի արժեքավոր բացահայտումներ: Բայց նախկին իշխանություններն այդպես էլ ուշադրություն չդարձրին ներկայացված փաստերին: