Երեկ կեսգիշերին վերջապես եթեր հեռարձակվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս կուսակցության ղեկավարն այդպես էլ չէր արձագանքել ներքաղաքական վերջին իրողություններին, երբ Փաշինյանը կառավարությունից հեռացրեց ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին` հայտարարելով նրանց հակահեղափոխականներ, ապա նրա հարցազրույցը սպասված էր:
Ծառուկյանի շեշտադրումներն ուշագրավ էին, ու տպավորություն էր, թե թավշյա հեղափոխությունը մեծամասամբ նրա շնորհիվ է եղել: Մի կողմից Ծառուկյանը հայտարարեց, որ ինքն ամենամեծ աջակցությունն է ցուցաբերել Փաշինյանի հեղափոխությանը, մասնավորապես, Երեւանում Փաշինյանի հանրահավաքների մարդաշատությունն իր շնորհիվ էր, ինքն է մեքենաներով ջուր ուղարկել ցուցարարներին:
Նա հայտարարեց, թե հրաժարականից առաջ բավական կոշտ խոսակցություն է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, նույնիսկ վերջինս ասել է, թե իրեն թիկունքից խփել են: Ծառուկյանը պատմեց, որ Սարգսյանը զանգահարել է իրեն, բայց ԲՀԿ նախագահն ասել է, որ եթե ինքը նրա գործընկերը լիներ, կողքին կանգնած կլիներ: Ծառուկյանը հիշեցրեց նաեւ, որ իրենք օգնել են, որ ապահովվի Փաշինյանին ԱԺ-ում երկրորդ անգամ վարչապետ առաջադրելու համար անհրաժեշտ թվով պատգամավորների ստորագրությունը, հետո քվեարկել են նրա օգտին: Կարճ ասած` նա որոշել էր հիշեցնել իր արածները:
Միաժամանակ Ծառուկյանը կտրականապես հերքել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ կապը, այդ առնչությամբ նույնիսկ «հայհոյանք դրեց»` նաեւ հիշեցնելով 2015թ. իր դեմ կատարվածը, ասաց, որ ՀՀԿ-ի հետ ոչ մի դեպքում չի համագործակցի: «Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան իմ «Բարգավաճի» հետ կապ չունեն, եւ նրանք չեն կարող «Բարգավաճով», իմ միջոցով ինչ-որ գան քաղաքականություն»:
Կարճ ասած` նա երեկ փորձում էր սպիտակների դաշտում խաղալ` նույնիսկ ցույց տալով, որ իրենց համար կարեւոր չէ կառավարության կազմում լինել-չլինելը: «Ինձ համար դա կապ չունի»,- ասաց նա: Միայն թե երեկ այդպես էլ որեւէ անդրադարձ չեղավ ԱԺ-ում օրենսդրական աղմկահարույց նախագծի՝ իրենց խմբակցության քվեարկությանը: Ընդ որում, եթե հիշում եք, ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում խնդրահարույց դրույթը մտվեց հենց «Ծառուկյան» խմբակցության ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի առաջարկով:
Եւ վերջապես, ամենակարեւոր հարցը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման մասին խոսելիս Ծառուկյանն այդպես էլ չհստակեցրեց՝ ինքը կողմ է, որ դրանք լինեն դեկտեմբերին, թե ոչ: Նրա խոսքում կարմիր թելով անցնում էր մեկ միտք՝ ժողովուրդն է որոշողը, ժողովրդի կամքն է կարեւոր: