ՍԿՍՈՒՄ ԵՄ ՄՈՌԱՆԱԼ ԴԵՐԵՐԻՍ ԲԱՌԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեր ճանաչված եւ սիրված շատ դերասաններ  ապրում են հայրենիքից դուրս: Ոմանք գնում են այդ քայլին նյութականից ելնելով, ոմանք էլ փորձում են իրենց  ուրույն տեղը գտնել այլ երկրում` փորձելով նվաճել օտար բեմեր: Լեւոն Շարաֆյանն այն դերասաններից է, ում հանդիսատեսը  ճանաչում է դեռ մութ ու ցուրտ տարիներից: Սիրված դերասանն այժմ ապրում է ԱՄՆ-ում: Իսկ թե ինչն է ստիպել նրան լքել հայրենիքը եւ ինչպիսի դժվարությունների է օտար հողում հանդիպել, պատմում է ինքը` ԼԵՎՈՆ  ՇԱՐԱՖՅԱՆԸ:Ուղիղ 10 տարի առաջ  ես շահեցի  Green card եւ    ընտանիքով տեղափոխվեցի ԱՄՆ: Ինձ համար շատ  դժվար էր այդ որոշումն ընդունելը: Հայաստանում ես կայացած էի որպես արվեստագետ,ունեի հարգանք,պատիվ: Հանդիսատեսը ինձ սիրում էր, ունեի թատրոնում ամենաբարձր աշխատավարձը, որը, ճիշտ է, փակում էր միայն կես ամսվա կենցաղային կարիքները, բայց թատրոնի խաղացանկում շատ զբաղված էի, եւ դա էր միակ բանը, որ ինձ կյանքի էր կոչում եւ ստիմուլ  տալիս ապրել ու ստեղծագործել:Բայց հանուն տղայիս պետք էր այդ ամենից հրաժարվել: Նա այդ ժամանակ 15 տարեկան  էր,  եւ նրա ապագան Հայաստանում շատ մշուշոտ էր: Նա ուզում  էր դառնալ կինոյի, թատրոնի եւ հատկապես օպերայի համար կոստյում-դիզայներ: Հայաստանում, ասենք, կսովորեր,կավարտեր…իսկ հետոն ես չեի տեսնում,թե որտեղ նա կկարողանար օգտագործել եւ  իրագործել ստացած գիտելիքները: Կինո չկար, օպերայի շենքը տրամադրվում էր  համարյա միայն շքեղ թաղումների համար, դե իսկ թատրոնն էլ հազիվ քարշ էր տալիս իր գոյությունը:Ես այդ ամենը սրտի խորը ցավով եմ ասում` հասկանալով երկրի վիճակը: Բայց մեր երեխաները մեղք չունեն, որ նրանց ծնունդը համընկավ երկրաշարժի, պատերազմի, սովի, մթության, ցրտի եւ անմարդկային կենցաղա-տնտեսա-անբարոյական հարաբերությունների շրջանի հետ: Եվ այդ Green card-ը դարձավ բանալի, որը բացեց մի դուռ, մեկ ուրիշ աշխարհ` նոր կենցաղով, նոր բարքերով, նոր լեզվով… Եվ 2001թ. հունիսի 8-ին ես խաղացի իմ վերջին ներկայացումը` «Մեծապատիվ մուրացկաններ»-ը: Թատրոնը շատ ջերմ հրաժեշտ տվեց ինձ, եւ ամսի 9-ի լույս 10-ի գիշերը ես մեկնեցի Հայաստանից ԱՄՆ:Մենք բնակություն հաստատեցինք Գլենդել քաղաքում, որովհետեւ նախ հայաշատ էր, եւ, բացի այդ, այստեղ ես ունեի մեծ ընկերական շրջապատ: Ամեն ինչ զրոյից սկսեցինք. երեխան գնաց դպրոց,ես ու կինս ընդունվեցինք քոլեջ` լեզու սովորելու: Ապա կինս իր մասնագիտությամբ` որպես կոնցերտմեյստեր, աշխատանքի ընդունվեց Լոս Անջելեսի բալետի կորպորացիայում: Իսկ ես դեռ  փնտրտուքի մեջ էի: Մշտական աշխատանք դեռ չկար, բայց բեմադրում եւ խաղում էինք ներկայացումներ. հիմնականում համագործակցում էի Ժան Նշանյանի եւ Շաքե Թուխմանյանի հետ:Այս տարիների ընթացքում խաղացել եմ 17 անուն ներկայացում, հետո սերիալներ…մի խոսքով դեռ իմ մասնագիտության մեջ եմ եւ չեմ դժգոհում: Տուն-տեղ դրեցինք զրոյից: Տղաս աշխատում է իր սիրած մասնագիտուտյամբ` որպես կոստյում-դիզայներ: Իր արխիվում արդեն 6 լիամետրաժ հոլիվուդյան ֆիլմ ունի: Ամերիկացիներն այստեղ հայերին լավ են վերաբերում, չնայած մի խումբ հայեր այս վերջին  ժամանակներս լավ չդրսեւորեցին իրենց: Բայց դա չի տարածվում ամբողջ ազգի վրա, եւ ամերիկացիները դա քաջ գիտակցում են: -Հայաստանում բնակվող շատ հայեր այն կարծիքին են, թե ԱՄՆ-ն ու Եվրոպան  հրաշքների երկիր են,  որտեղ ամեն ինչ շատ հեշտ է տրվում, ու, ամենակարեւորը, շատ փող ու աշխատանք կա, այդպե՞ս է:-Մի քիչ սխալ պատկերացում է ստեղծվել Ամերիկայի մասին: Այստեղ դոլարները ո՛չ ծառերի վրա են աճում, ո՛չ էլ դաշտերում: Եթե Հայաստանում տան վարձ մուծելը մղվել է ամենահետին պլան,որովհետեւ վախ չկա, որ քեզ տանից կհանեն փողոց,այստեղ դա ռեալ է եւ կիրառվում է: Հիմնականում աշխատում ես տան վարձը փակելու համար, իսկ տակը ինչ-որ մնում է, փակում ես կոմունալ ծախսերդ, մեքենայի վարձը,  ապահովագրությունը եւ այլն: Տակը մնում  է այնքան, որ ապրես մինչեւ մյուս աշխատավարձը: Ամենասարսափելին այն է, որ առավոտյան գալիս ես գործի, իսկ քեզ ասում են. «Շնորհակալ ենք Ձեր գերազանց աշխատանքի համար, բայց վաղվանից Ձեր կարիքը չենք զգում»: Եվ դու շտապ սկսում ես փնտրել աշխատանք: Իսկ եթե չգտար, այ էստեղ կանգնում ես իմ նշած խնդիրների առաջ: Բայց այս երկիրը ունի շատ-շատ դրական բաներ: Ամենակարեւորը, կան օրենքներ, որոնք կիրառվում են եւ շատ խիստ: Հիմնականում շատ մեծ տուգանքներով խփում են քո գրպանին. օրինակ` փողոցում ծխելը` 75 դոլար, սիգարետը փողոցում գցելը` 250 դոլար, մեքենայի պատուհանից սիգարետը գցելը` 1000դոլար: Ասեմ, որ ծխելը մեծ քաղաքներում արգելված է ընդհանրապես: Ես ծխում եմ, բայց գաղտնի,որ փոլիսը չտեսնի: Հայ ենք չէ՞, պիտի խախտենք: Եւ այս ամենի հետ միասին այս երկրում կան բազմաթիվ հանգստի եւ հաճույքի վայրեր, կա օվկիանոս, որ ամեն ինչ արժե, կա կլիմա, որը մեղմ է եւ հաճելի, բայց այդ ամենը վայելելու համար պետք է աշխատել, աշխատել ու էլի աշխատել: -ԱՄՆ-ում հայերը համախմբվա՞ծ են:-Դժվար է միանշանակ ասել: Ես, օրինակ, ունեմ լավ ընկերական շրջապատ, մենք հաճախ ենք հանդիպում,  շփվում, խմում, խոսում… Իսկ էսպես մասսայական հայերը կազմակերպված հանդիպում են իրար կնունքներին, ծնունդներին, հարսանիքներին, թաղումներին: Մնացած ժամանակ ամեն մեկը աշխատում է, զբաղված է իր գործերով, առօրյայով: Բացի այդ, հայը ե՞րբ է համախմբված եղել, որ հիմա այստեղ լինի: Պատմությունը ցույց է տալիս, որ երբեք: Միշտ իրար նախանձել, խանգարել են… Հենց նախագահ են ընտրում, իսկույն սկսում են փնովել: Նրան, ում  գոռում էին` հեռացի՛ր, հիմա գոռում են` վերադարձի՛ր` շատ բան մոռանալով…-Ի՞նչը կստիպի սիրելի դերասանին վերադառնալ հայրենիք, չէ՞ որ այսօր Հայաստանը նաեւ Ձեզ նման մարդկանց կարիքն ունի: -Ես չգիտեմ` կվերադառնամ արդյոք, թե ոչ: Բայց դա ի՞նչ նշանակություն ունի: Կարծում եք` ես չե՞մ կարոտում իմ հանդիսատեսին, Դրամատիկական թատրոնի բեմը, իմ ընկերներին, կոլեգաներին… Մինչեւ հիմա մտովի խաղում եմ իմ խաղացանկի ներկայացումները… Բայց արդեն սկսում եմ մոռանալ դերերիս բառերը: Մտովի անընդհատ  վերադառնում եմ… բայց ինչի՞ համար: Էլի գոնե այս սերիալներն են, որ մի փոքր բարելավում են որոշ դերասանների կենցաղը, իսկ մնացածները, որոնք չեն նկարվում,   ես հո գիտեմ, թե նրանք ինչ վիճակում են…Մի բան էլ եմ ուզում ասել: Հազարից մի անգամ Երեւան եկավ աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոն: Ես «You tube»-ով տեսա համերգից մի կտոր. մռայլ էր, խղճուկ, պակասում էր տոնականությունը: Մտե՛ք եւ նայե՛ք, թե ինչպես նրան ընդունեցին վրացիները, եւ ամեն ինչ պարզ կլինի: Մինչեւ ե՞րբ մենք պետք է մնանք լացող ազգ, մի՞թե ոչ մի ուրախություն չի մնացել մեր մեջ: Իսկ դու ասում ես` վերադարձի՛ր… Արդյո՞ք պետք եմ ես: Չգիտեմ: Մտովի ես այդտեղ եմ, եւ ինձ երբեմն թվում է, որ ես ոչ մի տեղ չեմ գնացել: ԼՅՈՒԲԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  Բելգիա




Լրահոս