Քաղաքական դաշտում երեկվա իրադարձությունները միանգամայն սպասելի էին: Ի վերջո, խորհրդարանական երեք ուժեր հանդիպեցին համաժողովրդական դիմադրության այն բանից հետո, երբ սատարեցին օրենսդրական փոփոխությունների աղմկահարույց նախագիծը: Իսկ դրանով, հիշում եք, հնարավորություն է ստեղծվում վիժեցնել ԱԺ վաղաժամկետ արձակման նպատակով կառավարության քայլերը:
Հետո արդեն բավական էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ կոչը, եւ ԱԺ շենքը շատ կարճ ժամանակ անց շրջափակվեց: Այդ օրը ՀՀԿ, ՀՅԴ եւ Ծառուկյան խմբակցությունների ներկայացուցիչները եւս մեկ անգամ համոզվեցին, որ Փաշինյանի իշխանությունը շարունակում է վայելել հասարակության անվերապահ աջակցությունը, հասարակական պահանջ է օր առաջ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը, եւ այդ ամենին դեմ գնալը քաղաքական ինքնասպանություն է: Այնպես որ, միանգայն տրամաբանական էր Հայաստան վերադառնալուց հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը (չնայած, ասում են, խմբակցության քվեարկությունը նրա հետ համաձայնեցված է եղել), նաեւ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ավարտին ստորագրված հուշագիրը:
Սակայն շատերն են հիշում, որ ԲՀԿ-ն 2011թ. հուշագիր ստորագրեց այն ժամանակվա կոալիցիոն գործընկերների` ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-իհետ, պարտավորվելով 2013թ. նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն այդ հուշագրի ստորագրումից որոշ ժամանակ անց ԲՀԿ-ն սկսեց ընդդիմադիր դաշտում գործել, 2013թ. նախագահական ընտրություններում չսատարեց Սարգսյանին: Իհարկե, այն ժամանակ նրանք կարող էին արդարանալ, թե այդպես են վարվել ժողովրդի պահանջով. ի վերջո, Սերժ Սարգսյանը չուներ հասարակական աջակցությունը: Մինչդեռ հիմա միանգամայն այլ իրավիճակ է. հասարակությունը Փաշինյանի կողքին է, հասարակությունն օր առաջ արտահերթ ընտրություններ է պահանջում, հետեւաբար իրենքէլ ժողովրդի կողքին ենու ընդառաջում են այդ ցանկությանը: Հուսանք` այդպես կլինի:
Միայն թե, պարզ չէ, թե ինչո՞ւ ներքաղաքական կյանքը ընդամենը մի քանի ժամում փոթորկած օրենսդրական փոփոխությունների նախագծում աղմկահարույց առաջարկն արեց հենց«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, միանալով ՀՀԿ-ական գործընկեր Արփինե Հովհաննիսյանին: Երեկվա հուշագրից հետո տրամաբանությունը հուշում է, որ Պետրոսյանը կուսակցության պահանջով պետք է վայր դնի մանդատը: Ի վերջո, նա բացահայտ աջակցում էր հակահեղափոխության փորձերին, անհարմար դրության մեջ գցելովիր կուսակցությանը, պատճառ դառնալով, որ Փաշինյանը նրանց վտարի կառավարության կազմից: