Armenian text to speach

Ինչու է Արմեն Սարգսյանն ուշացած հանդիպումներ անում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եթե նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ միանգամայն հասկանալի էին, ապա երեկ արդեն նրա ակտիվությունը մի տեսակ տարակուսանք էր հարուցում: Երեկ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Քննարկումների թեման պարզ է` ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը, որտեղ կարեւորվել է խնդիրները երկխոսությամբ կարգավորելու անհրաժեշտությունը: Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ու Արա Բաբլոյանի հետ նախագահ Սարգսյանի հանդիպումները տրամաբանական էին. ԱԺ արձակման եւ դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման հարցի շուրջ ԱԺ ոչ բոլոր խմբակցությունների դիրքորոշումն էր հայտնի:

Բայց արդեն նախօրեին օրվա կեսից պարզ դարձավ` եթե անգամ խորհրդարանական ամենամեծ խմբակցության` ՀՀԿ մի մասը համառի ու փորձի դիմադրել, միեւնույն է, պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը սատարում էր Փաշինյանի դիրքորոշումը` հերթով տարածելով այդ մասին հաղորդագրություն: Օրվա վերջում ՀՀԿ խմբակցությունն արդեն ստիպված էր հանդես գալ հայտարարությամբ` հավաստիացնելով, որ ԱԺ արձակման գործընթացին ու արտահերթ ընտրությունների անցկացմանը չեն խոչընդոտի:

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էր ստորագրել հուշագիր` պարտավորվելով սատարել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը: ԱԺ խմբակցություններից միայն ՀՅԴ-ն այս հարցում հստակ դիրքորոշում չի հայտնել, բայց 7 հոգանոց խմբակցությունը չի կարող որոշիչ քայլեր ձեռնարկել ու պրոցեսին խանգարել: Այնպես որ, նախօրեի երեկոյան պարզ էր` ԱԺ արտահերթ ընտրությունների հարցում քաղաքական պայմանավորվածություններն, ըստ էության, կայացած են:

Եւ այս իրավիճակում նախագահ Արմեն Սարգսյանի քայլերը, մեղմ ասած, անհասկանալի են: Կարելի է եզրակացություններ անել: Միգուցե լավ իմանալով ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին` Սարգսյանն, այնուամենայնիվ, վստահ չէ, որ նրանք կամ նրանցից ոմանք խոսքի տերը կլինեն, եւ մտավախություններ ունի, որ կփորձեն արհեստական խոչընդոտներ ստեղծել: Միգուցե Արմեն Սարգսյանն այսպես փորձում է ցույց տալ, որ ինքը տիրապետում է քաղաքական իրավիճակին ու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հարցում մեծ է հենց իր դերակատարությունը. չէ՞ որ հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը որբ է: Կա նաեւ շատ ավելի վատ տարբերակ. միգուցե Փաշինյանի թիկունքում, այնուամենայնիվ, դավադրություն է նախապատրաստվում: Բայց սա շատ քիչ հավանական է, եւ հետեւանքները կարող են սպասվածից վատ լինել:




Լրահոս