France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ռուսաստանի իշխանություններն ամբողջությամբ աջակցում են Հայաստանում կոռուպցիայի դեմ մեր պայքարին: «Ես ուրախ եմ, որ մեր բոլոր գործընկերները, այդ թվում՝ Ռուսաստանը, ամբողջությամբ հարգում են Հայաստանի անկախությունը: Ես բացարձակ ճշգրտությամբ կարող եմ ասել, որ ռուսական իշխանությունները, այդ թվում՝ ՌԴ նախագահը, ամբողջությամբ աջակցում են կոռուպցիայի դեմ մեր պայքարին»,- ընդգծել է Փաշինյանը:
Սա շատ կարեւոր արձանագրում է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ թավշյա հեղափոխությանը հաջորդած կոռուպցիոն առաջին իսկ բացահայտումներից հետո նախկին իշխանության ներկայացուցիչները (որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ) շտապեցին աջակցություն փնտրել Ռուսաստանում: Ավելին` տեւական ժամանակ նախկին իշխանության ներկայացուցիչները փորձում էին ռուսական քաղաքական էլիտայի մոտ տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ում կոռուպցիայի դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարը հիմնականում ուղղված է ռուսական բիզնեսի դեմ, եւ որ թավշյա հեղափոխությունն արեւմուտքի թելադրանքով է արված: Միաժամանակ երկրի ներսում էլ նրանք փորձում էին տարածել տեսակետ, թե հակակոռուպցիոն այս արշավից ազդված` հատկապես ռուսական բիզնեսը (որ մեծ ներկայություն ունի ՀՀ տնտեսության մեջ) շատ արագ կլքի մեր երկիրը` վանելով այլ երկրներից հնարավոր ներդրողներին:
Կարճ ասած` նախկին իշխանությունները գործի էին դրել ստի ու կեղծիքի մի հսկա մեքենա` փորձելով հետեւողականորեն վարկաբեկել ու անվանարկել նոր իշխանություններին: Բայց ապարդյուն: Ու այդ մասին են վկայում վարչապետ Փաշինյանի հայտարարությունները, թե ՌԴ-ն նախագահ Պուտինի մակարդակով աջակցում է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին:
Ընդ որում, հատկանշական է, որ այս հայտարարությունները Փաշինյանն արել է ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ սա Փաշինյանի կողմից Վլադիմիր Պուտինին ուղղված գեղեցիկ ժեստ էր: Գաղտնիք չէ, որ արդեն տեւական ժամանակ է` ՌԴ իշխանությունների հարաբերություններն Արեւմուտքի հետ այնքան էլ հիանալի չեն: Ավելին` հաճախ Արեւմուտքը Ռուսաստանը ներկայացնում է որպես վատ բարքերի կրող ու երաշխավոր, որ հետխորհրդային երկրներում նաեւ կոռուպցիոն խնդիրները հենց ՌԴ-ի ազդեցության հետեւանք են: Մինչդեռ Փաշինյանն իր այս հայտարարություններով միջազգային հանրության մոտ փորձել է ցրել ՌԴ իշխանությունների նկատմամբ բացասական տրամադրությունները` ներկայացնելով միանգամայն այլ կերպ: