Ամեն ինչ սկսվում է զրոյից. ներքաղաքական թոհուբոհ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 29-30-ը Երեւանում պետք է անցկացվեր ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերը: Ընդ որում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Աժ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը վստահեցրել էր, թե շատ ակտիվորեն մասնակցելու է երեւանյան լիագումար նիստերին: Առհասարակ, վերջին ժամանակներս խորհրդարանը շատ ակտիվ էր պատրաստվում այդ նիստին:

Սակայն երեկ պարզ դարձավ, որ այդ նիստերը կանցկացվեն ոչ թե Երեւանում, այլ Մոսկվայում, իսկ պատճառն էլ հենց վարչապետի հրաժարականի հանգամանքն է: Մասնավորապես, Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը լրագրողներին հայտնել է, թե տրամաբանական չէ այդ նիստերն անցկացնել արդեն կարծես թե չգործող խորհրդարանում: «Այդ պատճառով էլ նիստերը հանգիստ կանցկացվեն Մոսկվայում: Իսկ երբ Հայաստանում ամեն ինչ կարգավորվի, բոլորի հետ էլ կհամագործակցենք», – նշել է նա:
Սա, իհարկե, այնքան էլ մեզ ձեռնտու չէ, քանի որ վերջին շրջանում ռուսական կողմը մշտապես խոսում էր քիչ համագործակցության մասին, եւ Հայաստան այցելած ռուս պաշտոնյաներն էլ, կարծես թե, միայն խորհրդարանական ձեւաչափով էին հանդիպումներ ունենում: Եվ սա իրական հնարավորություն էր հանդիպել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին: Սակայն ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ այդ նիստերը պարզապես տեղափոխվեցին: Եվ ստացվում է, որ մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու դրան հետեւող իրադարձությունները Նիկոլ Փաշինյանը լինելու է ժամանակավոր պաշտոնականատարի դերում եւ հնարավոր է` այլ նիստեր եւս չանցկացվեն կամ այլ պաշտոնյաներ եւս չցանկանան բանակցություններ անցկացնել պաշտոնակատարի հետ կամ հանդիպումներ ունենալ գրեթե այլեւս չգործող խորհրդարանի ներկայացուցիչների հետ` չնայած այն հանգամանքին, որ այս խորհրդարանն իր լիազորությունները շարունակելու է մինչեւ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը: Բայց արի ու տես, որ ռուսական կողմին այդ տարբերակը դուր չի գալիս, եւ նրանք նման ձեւաչափի կողմնակից չեն:

Եվ սա էլ նշանակում է, որ փաստորեն ամեն ինչ սկսվում է զրոյից, եւ այսօրվանից կառավարության ներկայացուցիչները` վարչապետի գլխավորությամբ, դառնում են պաշտոնակատարներ, եւ մինչ տարեվերջ Հայաստանը գտնվելու է ներքաղաքական թոհուբոհի մեջ: Եվ արդյունքում կարող են տուժել արտաքին քաղաքականության հետ կապված կարեւոր հարցերը:




Լրահոս