Armenian text to speach

Վարչապետի թեկնածուն պետք է լինի պատգամավոր․ ինչ է փոխվում գործադիր իշխանության համակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության տեքստը, ըստ որի՝ «Գործադիր իշխանություն. ո՞վ է ղեկավարում, ո՞վ է վերահսկում» բաժնում ներկայացվում է հետևյալ պարզաբանումը։

«Նոր Սահմանադրության նախագծի վեցերորդ գլուխը սահմանում է, թե ինչպես է կազմակերպվում գործադիր իշխանությունը, ինչպես է ձևավորվում Կառավարությունը և ինչպես է այն աշխատում։

Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը Կաառավարությունն է։ Այս համակարգում ընդգրկվում են նաև նախարարությունները, Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինները, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինները։ Դրանց գործունեության մանրամասները սահմանվում են օրենքով։

Կառավարությունն իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը։ Միաժամանակ, երկրի քաղաքականության հիմնական ուղղությունները պետք է մշակվեն նաև պետական այլ մարմինների, հատկապես՝ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։ Նպատակն է, որ երկրի համար կարևոր քաղաքական որոշումների կայացմանը մասնակցեն իշխանության տարբեր մարմիններ։

Նոր Սահմանադրությունը հստակ սահմանում է նաև զինված ուժերի ղեկավարումը։ Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը, իսկ Գլխավոր շտաբի պետը ենթակա է նրան՝ ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական և արտակարգ դրության ժամանակ։ Զինված ուժերը ենթակա են Կառավարությանը, իսկ դրանց գործունեությունը վերահսկում է նաև Ազգային ժողովը։

Զինված ուժերը Հայաստանի տարածքից դուրս ուղարկելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի նախնական համաձայնությունը։ Անհետաձգելի իրավիճակներում վարչապետը՝ որպես գերագույն հրամանատար, կարող է որոշում ընդունել զինված ուժերի կիրառման մասին՝ բացառությամբ դրանք Հայաստանից դուրս ուղարկելու դեպքերի։ Այդ մասին նա պետք է անմիջապես տեղեկացնի Կառավարությանը, որը կարող է վերացնել վարչապետի որոշումը։ Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում անմիջապես գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։ Խորհրդարանը կարող է վերացնել ռազմական կամ արտակարգ դրությունը կամ դրանց ընթացքում նախատեսված միջոցառումները։ Զինված ուժերը կարող են նաև աջակցել բնակչության պաշտպանությանը, օրինակ՝ բնական աղետների կամ համաճարակների ժամանակ։

Նախագծով վարչապետը պետք է ընտրվի խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժի պատգամավորներից։ Եթե վարչապետի պաշտոնը թափուր մնա, նոր վարչապետի թեկնածուն նույնպես պետք է պատգամավոր լինի։ Թեկնածու կարող է լինել նաև Կառավարության անդամը, որի պատգամավորական լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։ Սա նպատակ ունի ապահովելու վարչապետի և խորհրդարանական մեծամասնության միջև քաղաքական կապը։

Կառավարությունը համարվում է կազմավորված, երբ նշանակվել են նրա անդամների առնվազն երկու երրորդը։ Սա թույլ է տալիս Կառավարությանը սկսել աշխատանքը, նույնիսկ եթե որոշ նախարարներ դեռ նշանակված չեն։ Միաժամանակ, Սահմանադրությամբ չի սահմանվում փոխվարչապետների և նախարարների առավելագույն թիվը, որպեսզի Կառավարության կազմը հնարավոր լինի որոշել ըստ անհրաժեշտության։

Կարևորվում է նաև Կառավարության աշխատանքի հրապարակայնությունը։ Նախագծով Կառավարության նիստերը պետք է լինեն հրապարակային, իսկ դռնփակ նիստեր կարող են անցկացվել միայն օրենքով նախատեսված հատուկ դեպքերում։ Սա հնարավորություն կտա քաղաքացիներին ավելի լավ հետևելու Կառավարության աշխատանքին և որոշումների կայացմանը։

Նախագծով Անվտանգության խորհրդի և Հանրային խորհրդի մասին առանձին դրույթներ չեն նախատեսվում։ Այդ մարմինների ստեղծման և գործունեության հարցերը կարող են կարգավորվել օրենքներով՝ հնարավորություն տալով պետական կառավարման համակարգը հարմարեցնելու երկրի կարիքներին։

Այսպիսով, նոր Սահմանադրությունը սահմանում է Կառավարության և գործադիր իշխանության մյուս մարմինների աշխատանքի հիմնական կանոնները՝ կարևորելով պետական մարմինների համագործակցությունը, Կառավարության բաց աշխատանքը և Ազգային ժողովի վերահսկողությունը»,- նշված է պարզաբանման մեջ։




Մամուլի Տեսություն

Լրահոս