Ուշ, բայց ոչ ուշացած. այլևս բարիկադներ չեն լինելու, Փաշինյանը ճիշտ ուղու վրա. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանը, որն այսօր արդեն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է, անհաշտ պայքար սկսեց նախկին իշխանությունների դեմ ու թեեւ խոստացել էր, որ վենդետա չի լինելու, այնուամենայնիվ շատ ՀՀԿ-ականներ ու նախկին իշխանության հետ մերձ հարաբերություններ ունեցող մարդիկ հայտնվեցին իշխանությունների թիրախում: Ակնհայտ թշնամանք կար նախկինների նկատմամբ իշխանական բուրգի վերեւում, որը սրընթաց իջավ նաեւ ՀՀ քաղաքացիների մոտ: Մի երեւույթ, որն անընդունելի է բոլոր դեպքերում՝ անկախ վերամբարձ հիմնավորումներից:

Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ը գրում է, որ պետք է հեղափոխությունից հետո լայն համախմբում ապահովել եւ բոլոր ոլորտներում գիտակ մարդկանց ներգրավել պետականաշինության գործում: Սակայն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հակառակն էր անում. թեեւ խոսում էր հանդուրժողականության մասին, սակայն իրականում վենդետային բնորոշ քայլեր էին իրականացվում նրա իշխանության կողմից, իսկ ինքն էլ անձամբ շարունակեց հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանել (Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին): Բայց Երեւանի քաղաքապետի երդմնակալության օրը վերջապես սառույցը տեղից շարժվեց, եւ Փաշինյանը խոսեց քաղաքական նացիզմի անթույլատրելիության մասին:

Իսկ երեկ էլ, երբ Սյունիքի մարզպետ նշանակվեց Հունան Պողոսյանը, Փաշինյանը անհրաժեշտ համարեց հայտարարել. «Կարեւոր եմ համարում, որ հեղափոխության արդյունքում որեւէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի ՀՀ-ում, ու այս տրամաբանության մեջ չպետք է թույլ տանք, որ զարգանա մի երեւույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ: Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը: Սա չի նշանակում նաեւ, որ փակում ենք կադրային փոփոխությունների օպտիմալացման ու ավելի արդյունավետ համակարգ ունենալու տրամաբանությունը… գալիս է լիարժեք համախմբման ժամանակը։ Կա բարիկադներ կառուցելու ժամանակը, կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը»,- հայտարարեց Փաշինյանը:

Սա նշանակում է, որ այլեւս բարիկադներ չեն լինելու, եւ հնարավոր է, որ հետագայում եւս պաշտոնների նշանակվեն նախկին իշխանությունների օրոք աշխատած մարդիկ: Իհարկե, նմանօրինակ որոշումը շատ լավ է ու կարելի է ասել՝ վարչապետը ճիշտ ուղու վրա է: Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայտարարություն ուշ արվեց, բայց բարեբախտաբար ոչ ուշացած: Ի վերջո, ճիշտ կլիներ, եթե ի սկզբանե լիներ իրապես սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ եւ գիծ քաշվեր անցյալի ու ներկայի միջեւ՝ սահմանելով խաղի նոր կանոններ:




Լրահոս