Երեկ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել եւ քննարկել են Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջիկայում սպասվող իրադարձությունները: Նման հանդիպում եղել էր նաեւ նախորդ շաբաթ, սակայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո սա առաջին հանդիպումն էր, որը նաեւ հետաքրքիր մեսսիջներ է պարունակում: Նախ Նիկոլ Փաշինյանը նախագահին վստահեցրել է, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ առկա է խորհրդարանական ուժերի միասնական մոտեցում: «Ինչո՞ւ եմ ասում ըմբռնում, որովհետեւ քաղաքական ուժերն այս խնդրի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ, բայց որ ընտրությունները պետք է տեղի ունենան, կարծում եմ՝ բոլորն արձանագրել են: Այս ընթացքում, իհարկե, շատ կարեւոր է, որ ե՛ւ խորհրդարանը, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ հանրապետության նախագահը մշտական կապի մեջ լինեն եւ նաեւ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակեն, որպեսզի մենք կարողանանք այս 14 օրերն անցկացնել մեր հանրության եւ ժողովրդի սպասումներին համապատասխան եւ համերաշխության մթնոլորտում», – հանդիպման ժամանակ նշել է վարչապետի պաշտոնակատարը:
Սակայն, ըստ էության, Արմեն Սարգսյանը, բացի ներհայաստանյան խաղաղ իրավիճակից, կարեւորել է վիճակը սահմաններին եւ զրույցի ընթացքում երկու անգամ շեշտել այդ մասին: «Եւ այս ընթացքը նաեւ մի փոքր փորձություն է, պարո՛ն վարչապետ, որպեսզի որեւէ միջադեպ չլինի: Իհարկե, վստահ եմ, որ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը, բարձրանա»- ընդգծել է նախագահը՝ նշելով, թե վստահ է՝ կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները եւ գործունեությունը ծավալում է, որպեսզի այս ընթացքը, ողջ ընթացքը՝ ե՛ւ 14 օրը, ե՛ւ ապագա ընտրությունները, տեղի ունենան օրենքի եւ օրինականության սահմաններում: Սա, թերեւս, նաեւ ակնարկ էր Երեւանի ավագանու լարված քարոզարշավից հետո, որ միջադեպեր, ամեն դեպքում, չպետք է լինեն, եւ կարեւորվում է ամեն ինչ խաղաղ եւ օրինականության դաշտում անցկացնելը: Վերջում Ա. Սարգսյանը կրկին նկատել է, որ անկախ այս իրավիճակից` պետական մարմինները պետք է անխափան գործեն՝ հատկապես անվտանգությանը վերաբերող հարցերում. «Նախ եւ առաջ հաջողություն եմ մաղթում որպես վարչապետի պաշտոնակատարի, որովհետեւ մեր երկիրն այս փուլում պետք ունի, որպեսզի ե՛ւ կառավարությունը, ե՛ւ բոլոր պետական մարմիններն անխափան գործեն, ու նախ եւ առաջ` մեր անվտանգության հետ կապված բոլոր ծառայությունները»:
Սակայն հետաքրքիր է, որ մինչ այժմ այդպես էլ հայտնի չէ՝ ԱԺ կանոնակարգ-օրենքում աղմկահարույց փոփոխությունների հետ կապված, ի վերջո, Արմեն Սարգսյանը կդիմի Սահմանադրական դատարան,թե ոչ: Այդ մասին ոչ մի ակնարկ չկար նաեւ հանդիպման տեքստում: Սակայն փաստ է, որ դա անելու համար Սարգսյանին քիչ ժամանակ է մնացել: