Արդեն մի քանի օր է, ինչ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի կառավարությունը մտմտում է պետականացնել (ինչպես պետականացվեցին կարմիր գծերը) Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ հնարավոր է այսօր տեղի ունենա «Վալլեքս» ընկերություն խմբի նախագահ Վալերի Մեջլումյանի եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը: Այս մասին
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռեանից. «Կան որոշ բանակցություններ: Հանդիպումը մեծ հավանականությամբ տեղի է ունենալու վաղը (նկատի ունի այսօր): Բանակցություններ ասելու փոխարեն կասեի խորհրդակցություն. խոսում ենք, մտքեր ենք փոխանակում, որպեսզի լուծում գտնենք կամ լուծումներ ունենանք»: Իսկ գործարանը պետականացնելու մասին խոսակցությունները անհիմն համարեց` հայտարարելով, որ չեն համապատասխանում իրականությանը: «Այդ ուղղությամբ քննարկում տեղի չի ունեցել»,- հավելեց Ավինյանի գրասենյակի ղեկավարը: Հիշեցնենք, որ Մեջլումյան-Ավինյան այս հանդիպումը կլինի երկրորդը: Առաջին հանդիպմանը Մեջլումյանը իր տեսակետներն է առաջ քաշել, իսկ կառավարությունը խոստացել է փորձել ամեն կերպ նպաստել գործարանի աշխատանքի շարունակականության ապահովմանը: Տեսնենք, թե ինչ արդյունք կտա երկրորդ հանդիպումը: Հակառակ դեպքում գործարանի 650 աշխատող գործազուրկ կդառնա: Ի դեպ, ավելի վաղ իր գործունեությունը դադարեցրել էր «Թեղուտի» հանքավայրը` գործազուրկ դարձնելով 1200 աշխատողի: Մյուս կողմից` այս ընկերությունների գործունեության դադարեցումը ծանր կնստի ՀՀ տնտեսության վրա: Չէ՞ որ երկրի տնտեսությունը հիմնված է հենց հանքարդյունաբերության վրա: