ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել: Սակայն դատելով ՀՀԿ-ականների հայտարարություններից` գոնե այս պահին իրենք հակված են մասնակցելուն: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է. «Ինձ թվում է, որ ճիշտը մասնակցությունն է, եւ դրա համար պետք են լուրջ մոտեցումներ, լուրջ ռեսուրսների գնահատականը տանք։ Չեմ ցանկանում միանձնյա որոշում կայացնել, պարզապես կան կարծիքներ, հիմնական կարծիքները` մասնակցելն է»: Նման տեսակետ է հայտնել նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ասելով.
«Որեւէ որոշում կուսակցությունը չունի: Իմ եւ գործընկերներիս կարծիքը շատ պարզ է բոլորին՝ մենք նշել ենք, որ կուսակցությունը պետք է մասնակցի այս ընտրություններին եւ պետք է մասնակցի ոչ թե 4-րդ կամ 3-րդ տեղը գրավելու ակնկալիքով, այլ պետք է մասնակցի, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն, որովհետեւ այսօր միակ գաղափարական ընդդիմությունը ՀՀԿ-ն է»:
ՀՀԿ-ում, փաստորեն, իրենց հնարավորությունների մասին բավական մեծ, շատ մեծ կարծիք ունեն: Ճիշտ է, նրանք նախկինի նման չեն խոսում հաղթանակի՝ Մելիք-Ադամյանով անցնելու մասին, չեն խոսում խորհրդարանում մեծամասնություն կազմելու մասին, բայց խոսում են ԱԺ-ում ներկայացվածություն ունենալուց այն դեպքում, երբ ընդհանրապես հարցականի տակ է ՀՀԿ-ի՝ խորհրդարան անցնելը: Ի վերջո, հասարակությունը դեռ չի մոռացել ՀՀԿ իշխանության քսան տարիները, չի մոռացել այդ տարիներին իր հանդեպ այդ կուսակցության ներկայացուցիչ պաշտոնյաների արածները: Անգամ պետք չեն լուրջ սոցիոլոգիական հետազոտություններ պատկերացում կազմելու համար ՀՀԿ իրական վարկանիշի մասին:
Բայց մյուս կողմից ՀՀԿ-ին չէր խանգարի իսկապես մասնակցել ԱԺ ընտրություններին տեսնելու իրենց իրական վարկանիշը: Ի վերջո, այս քսան տարիների ընթացքում անցկացված ընտրությունների ժամանակ նրանց ստացած քվեները որեւէ կապ չունեն իրենց իրական վարկանիշի հետ. ՀՀԿ-ն ձայն ստացել է միայն վարչական ռեսուրսները գործադրելու, ընտրակաշառք բաժանելու եւ ընտրակեղծիքի արդյունքում: Մինչդեռ հիմա նրանք փորձելու են պայքարել քաղաքական դաշտում, հավասար պայմաններում: Իրավիճակ, որտեղ ՀՀԿ-ի համար գործելը շատ դժվար է լինելու: Բայց դե ճշմարտությունն իմանալու համար արժի ռիսկի դիմել, թեկուզ եւ իմանալով, որ դրա համար մեծ գին է պահանջվում: