ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում ու Ադրբեջանում հնչեցրած ուղերձները պատահական չէին:
Բոլթոնը տարածաշրջանային խնդիրների թվում խոսել է նաեւ Արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին` ասելով. «Պատրաստ ենք մեր աջակցությունն առաջարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քանզի այս կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ-ի շահերից»: Նա հավելել է, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը բարդ է. եթե այն հեշտ լիներ, ապա արդեն վաղուց կարգավորված կլիներ: «Ես չեմ եկել այստեղ ազդարարելու ամերիկյան քաղաքականության մեջ այս հարցում փոփոխություն կամ նոր առաջարկներ անելու մասին»,- հայտարարել է Բոլթոնը: Նա նաեւ ընդգծել է, որ լուծումը պետք է կարողանան կողմերը գտնել: «Երեւի ոչ ոք այդքան շատ խաղաղություն չի ուզում, քան կողմերը: ՀՀ-ի համար ամենավստահ ուղին իր նկատմամբ կիրառվող արտաքին ճնշումները թուլացնելու համար ԼՂ հիմնախնդրի լուծման ապահովումն է»: Բացի այդ, ըստ ԱՄՆ նախագահի ԱԱ հարցերով խորհրդականի, եթե առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթի Նիկոլ Փաշինյանը, ապա լավ հնարավորություն է ստեղծվում վճռական քայլերի, այդ թվում ԼՂ խնդրի լուծման համար: «Եթե պատրաստակամություն լինի, մենք պետք է աշխատենք, որ Ադրբեջանի կողմից նույնպես արձագանք լինի»,- ասել է նա:
Հասկանալի է` Բոլթոնի տարածաշրջանային այցի օրակարգում շատ ավելի գլոբալ խնդիրներ են, քան Արցախյան հիմնահարցը. շարունակում է չլուծված մնալ Սիրայի ճգնաժամը (որն իր հերթին պատճառ է հանդիսացել Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունների սրման), լարված են Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունները, միջուկային զենքի հիմնախնդիրները եւ այսպես շարունակ: ՈՒ հիմա, երբ Բոլթոնն այդ խնդիրներից բացի խոսում է նաեւ Արցախյան հիմնահարցի մասին, նշանակում է՝ հակամարտության կարգավորումն ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է: Պատահական չէ, որ նա երեկ ասել է, թե ԼՂ խնդրի լուծումը «բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ-ի շահերից»: Միաժամանակ, ԱՄՆ-ն կարծես արցախյան հիմնահարցի լուծման համար կողմերի առաջ ժամկետ է դնում. Բոլթոնն ասել է, թե ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումից հետո կողմերը պետք է ձեռնամուխ լինեն ԼՂ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու հարցում: Ասել է թե` միջազգային հանրությունը Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծումից հետո սպասում է լուրջ տեղաշարժերի: