«Վերջ տալ արատավոր երևույթին». ինչպես էր նախկին ոստիկանապետի օրոք ընդունվել բանդայի տեր դառնալու մասին չարաբաստիկ օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավթաշեն համայնքում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հրահանգում է իրականացնել «ռեյդեր»` բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին: Այս հայտարարությունից հետո իրավապահները գործի անցան, սակայն արի ու տես` մարդիկ օրինական են պահում թիկնազոր:

Իսկ որտեղի՞ց մեր երկրում այդքան թիկնապահներ: Բանն այն է, որ 2012 թվականի փետրվարի 9-ից Հայաստանում ուժի մեջ է մտել 2 օրենք, ըստ որոնց` փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել Հայաստանում պահնորդական առաքելություն իրականացնող ընկերությունների մասին օրենքում: Մասնավորապես, սահմանվել էր, որ պահնորդական կազմակերպությունները լիցենզիա ստանալու համար պետք է դիմեն ոստիկանություն:

Լրացում էր կատարվել նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում, եւ սահմանվել էր 500 հազար դրամ դրույքաչափ լիցենզիա ստանալու համար: Այսինքն` այդքան գումար վճարելուց հետո ցանկացած ոք կարող է պահնորդական ընկերություն բացել, օրինական զենք ունենալու թույլտվություն ստանալ նաեւ եւ դառնալ բանդայի տեր: Եւ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ հայտնի մարդիկ իրենց մտերիմներին գրանցում են իրենց կամ բարեկամի պահնորդական ընկերություններում, կամ էլ իրենք են ստեղծում պահնորդական կազմակերպություններ եւ իրենց մտերիմներին գրանցում են այնտեղ, որպեսզի իրենց անվտանգությունը ապահովեն, եւ ամեն ինչ օրինական է:

Նկատենք, որ Հայաստանում պահնորդական առաքելություն իրականացնող ընկերությունների մասին օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ղեկավարման օրոք: Ուստի, «Ժողովուրդ» օրաթերթը վերջինիս հետ զրուցեց չարաբաստիկ օրենքի մասին:

-Պարո՛ն Սարգսյան վարչապետը հայտարարել էր ուժային կառույցներին «ռեյդեր» իրականացնել, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին: Այսօր տարբեր անձինք մասնավոր պահնորդական ընկերություններ են բացում եւ իրենց հարազատներին գրանցում այնտեղ եւ այսպես ունենում օրինական թիկնազոր: Այդ օրենքը Ձեր ոստիկանապետ լինելու տարիներին է ընդունվել: Ինչո՞ւ չեք առարկել, որ հիմա էլ վարչապետը հրահանգ չտա թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին:

-Չի քննարկվել, ես բազմաթիվ անգամ դեռեւս իմ ոստիկանապետ եղած տարիներին առաջարկել եմ, որ այս ընկերությունները, որոնք այս ծառայությունները իրականացնում են, կարծում եմ, որ նրանք իրավասու չեն, դա պետք է պետության կողմից, գերատեսչության կողմից, տվյալ դեպքում ոստիկանության կողմից պետք է իրականացվի: Իսկ ոստիկանությունը ո՞նց է իրականացրել: Դա էլ ասեմ, առաջնորդվել է նրանով, որ մարդիկ անձանց են ներկայացրել, նա ընդունել է ոստիկանություն եւ հետ է վերադարձրել նրանց՝ ուղարկելով թիկնապահի աշխատանքի: Դա, կարծում եմ, որ արատավոր պրակտիկա է եւ պետք է վերացվի:

-Դուք ո՞ւմ եք առաջարկել, որ օրենք չընդունեն եւ այդ արատավոր պրակտիկան վերացնեն:

-Տարբեր առիթներով ասել եմ, եւ, ցավոք սրտի, իմ ժամանակ այս արատավոր պրակտիկան տեղի է ունեցել:

-Ինչո՞ւ չէիք կանխում:

-Ուզես, թե չուզես, դրանք տարբեր խողովակներով հայտնվում են: Դրա համար եմ ասում` թող ստեղծեն այդ հատուկ դպրոցը, ուսումնական ինչ-որ պրոցես անցկացնեն, հավատարմագրված, ստուգված մարդիկ լինեն իրենց կապերով եւ ամեն ինչով եւ տրամադրեն մարդկանց: Հիմա պետական անվտանգության ծառայութունը ոնց է իրականացնում բոլոր այս պետական կառույցների պահպանությունը, նույնը թող լինի այդ մարդկանց մոտ: Այլապես կունենանք միշտ այն, ինչ ունեք առ այսօր:

-Բայց օրենքը Ձեր ղեկավարության տարիներին է ուժի մեջ մտել, իսկ հիմա դեմ եք խոսում: Նախկինում այս առաջարկը չե՞ք արել:

-Ես դեմ չեմ խոսում կամ կողմ չեմ խոսում, ուզեք, թե չուզեք, այս պրակտիկան ինչ-որ կերպ մուտք է գործում պետական մարմին: Ուզեք, թե չուզեք, բերում, մարդկանց տեղավորում են համակարգ, համակարգից հետո, ըստ համակարգի կողմից բախշվածության, իրենք հայտնվում են ինչ-ինչ մարդկանց մոտ:

-Ո՞րն է լուծումը:

-Օրենք հանելը այս պահին իմաստ չունի: Հմտորեն է պետք պայքարել, ստուգումներ անել, որ հետագայում բացթողումների համար պատասխան տան: Պետք է դիտարկել՝ ինչ աստիճանի բացթողում է եղել, հայտնաբերման դեպքում նորից տեղափոխել, նորից մեկուսացնել, որոշեն, թե որտեղ նա պետք է ծառայի: Կուզի, թող ծառայի, կուզի, թող չծառայի:

Քնար Մանուկյան




Լրահոս