Փոքրիշատե ընդունելի տարբերակը Փաշինյանի վերընտրությունն է. Ընտրական օրենսգրքի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ վերջնականապես պարզ դարձավ, որ դեկտեմբերի ընտրությունները ընթանալու են հին Ընտրական օրենսգրքով: ԸՕ փոփոխությունների տապալման համար հնչեցին բազմաթիվ մեղադրանքներ ՀՀԿ-ից մինչեւ գործադիր իշխանություն: Սակայն առավել կարեւոր է, որ ռեյտինգային ընտրակարգի պահպանման պարագայում ընտրությունները կարող են անցկացվել նախկին տրամաբանությամբ` ստվերելով դրանց քաղաքական կողմը:

Ընտրական օրենսգրքի տապալման հիմնական մեղավոր ճանաչվեց ՀՀԿ-ն, քանի որ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը փաստացի բոյկոտեց նիստը եւ, ըստ էության, տապալեց փոփոխությունների անցկացումը: Սակայն որքան էլ ՀՀԿ-ի գործողություններն արժանանան հանրության դժգոհությանը, դրանք կուսակցական շահի տեսանկյունից տրամաբանված են թվում: ՀՀԿ-ի հիմնական խնդիրն ի սկզբանե ընտրությունները որքան հնարավոր է ձգձգելն էր` հույսը դնելով առաջին հերթին իշխանության հեղինակազրկման վրա, ապա ժամանակահատվածն օգտագործել վերականգնվելու համար:

Այդ տեսանկյունից կուսակցությունը հոկտեմբերի 2-ին փորձեց վերացնել ԱԺ-ի լուծարմանը հասնելու իշխանության պահուստային տարբերակը վերջինից բանակցությունների արդյունքում զիջումներ կորզելու միտումով: Եվ ահա այն պահին, երբ ՀՀԿ-ի համար պարզ դարձավ, որ իր հետ բանակցություններ չեն լինելու, բնական էր, որ կուսակցությունն էլ իր հերթին հրաժարվեց ընդառաջ քայլի գնալուց: Նեղ կուսակցական շահերի եւ ինչ-որ տեղ անգամ արժանապատվության տեսանկյունից ՀՀԿ-ի վարքը տրամաբանական է, քանի որ եթե նրանց հետ խոսում են վերջնագրերի լեզվով, դժվար թե պետք է ակնկալել, որ ՀՀԿ-ն ընդառաջ գնա նախաձեռնություններին:

Ավելին` այս կուսակցությունը թերեւս առաջին անգամ վերջին տասնամյակում անկեղծորեն ձեւակերպեց իր խնդիրը` հրաժարվելով մտնել ԸՕ-ի շուրջ բովանդակային քննարկումների մեջ, բայց միաժամանակ չկարողացավ իրեն թույլ տալ լիովին քաղաքական վարքագիծ` չհամարձակվելով որպես քաղաքական բոյկոտ ձեւակերպել իր գործողությունները: Այնուամենայնիվ, փաստ է, որ ՀՀԿ-ն հրաժարվեց կառավարության գործունեությունը չխոչընդոտելու քաղաքականությունից այն պահին, երբ հասկացավ, որ առանց իր կարծիքը հաշվի առնելու արտահերթ ընտրություններ են անցկացվում:

Իհարկե, ՀՀԿ-ի գործողությունները տեղավորվում էին սոսկ կուսակցական նեղ շահերի տրամաբանության մեջ, մինչդեռ պետական ու քաղաքական առողջ համակարգ կայացնելու տեսանկյունից դրանք արդարացում չունեն: Այսպիսով, ՀՀԿ-ն ճիշտ է կուսակցական, բայց սխալ` պետական շահերի տեսանկյունից:

Սակայն ՀՀԿ-ն այսօր ԱԺ-ում մեծամասնություն չունի: Ավելին` արտահերթ ընտրությունների գաղափարին կողմ են արտահայտվել ավելի քան 65 պատգամավորներ եւ նրանց հետ համապատասխան աշխատանքի պարագայում կառավարությունը փոփոխությունների անցկացումն ապահովելու խնդիր չպիտի ունենար: Արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ կառավարության համար ԸՕ փոփոխությունները քաղաքական առաջնահերթություն չէին, մինչդեռ մայիսին դա հռչակվում էր արտահերթ ընտրությունների անցկացման գերագույն պայմաններից մեկը: ԸՕ-ի փոփոխությունն ամենեւին էլ քմահաճույքի հարց չէր, այլ քաղաքական իրողությունների գնահատում:

Ընտրակարգը, ըստ էության, ոչ այնքան լուծում է ընտրությունների անցկացման որակի հարցը, որքան պայմանավորում արդյունքի որակը: Սա հատկապես վերաբերում է խորհրդարանական կառավարման համակարգին, քանի որ Ազգային ժողովն է պետության բարձրագույն իշխանությունը, եւ դրա կազմն է պայմանավորելու պետության կառավարման որակը: Ընտրական կարգը պետք է ոչ թե ձեռնտու լինի իշխանական կամ ընդդիմադիր կուսակցություններին, այլ բավարարի տվյալ պահի քաղաքական համակարգի համընդգրկուն շահը` անկախ նշյալ կուսակցությունների հետաքրքրություններից: Այո, ՀՀԿ-ն կարող է իրեն թույլ տալ իրավիճակային դիրքորոշում եւ տապալել ԸՕ փոփոխությունները, քանի որ այդպես է վարվել տարիներ շարունակ, եւ արդյունքում հասարակությունը նրանից այլ սպասելիքներ էլ չունի: Սակայն նույն իրավիճակային լուծումները արդեն աններելի են իշխանության համար, որի միակ ռեսուրսը հասարակությունն է:

Ռեյտինգային ընտրակարգը, իր բնույթով իրապես դեմոկրատական լինելով, այս պահին չարիք է Հայաստանի համար, քանի որ թերզարգացած քաղաքական համակարգը դրա հետ առերեսվելիս ուղղակի վերանում է: 2018թ. հեղափոխությունն առաջին հերթին նախորդ տարվա ընտրությունների ուղիղ արձագանքն էր, երբ քաղաքական համակարգը փաստացի փոշիացավ հենց ռեյտինգայինի գործարկման արդյունքում: 2017թ. ոչ թե ընտրություններն էին կեղծվում, այլ քաղաքական իրականությունն էր աղճատվում, ինչը արվում էր հենց ռեյտինգային ընտրակարգ կոչված գործիքով:

Այսպիսով, հին ԸՕ-ի պահպանումն ինքնաբերաբար կասկածի տակ է դնում 7-րդ գումարման ԱԺ-ի լեգիտիմությունը: Եթե ընտրությունները կայանում են ռեյտինգային ընտրակարգով, քաղաքական համակարգի ձեւավորման մեկնարկը կրկին հետաձգվում է: Հաշվի առնելով, որ նոր խորհրդարանը պետք է գործի 5 տարի` պարզ է, որ շատ կարճ ժամանակահատվածում այն կորցնելու է ադեկվատությունը քաղաքական համակարգին:

Արդ, ռեյտինգային ընտրակարգը ինքնին կասեցնելու է քաղաքականապես կարող դեմքերի թափանցումը խորհրդարան` դրանց փոխարեն տեղ հատկացնելով տեղական հեղինակությունների համար, ինչի արդյունքում ԱԺ-ում չեն ձեւավորվելու գաղափարական ֆրակցիաներ ու հոսանքներ: Նման մի վրիպում գործվեց 1995թ., ինչը Հայաստանը մատնեց քաղաքական տեղատվության, որից դուրս գալու շանս ապահովվեց միայն 23 տարի անց: Այդ իսկ պատճառով փոքրիշատե ընդունելի տարբերակը մնում է Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը վարչապետի պաշտոնում, երկասմյա ժամանակահատվածում Ընտրությունների ու Կուսակցությունների մասին օրենքների ընդունումը եւ մարտին ԱԺ արտահերթ ու լեգիտիմ ընտրությունների անցկացումը:

Ն. Հովսեփյան




Լրահոս