Armenian text to speach

Ֆերիկում սպասվող ընտրություններին ընդառաջ․ ո՞վ է համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում նախատեսված են ավագանու անդամների ընտրություններ։ Ընտրություններից առաջ ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել համայնքների գործող ղեկավարների հայտարարագրած ունեցվածքը և ներկայացնել, թե ովքեր են ղեկավարում համայնքները։

Ֆերիկի համայնքի ղեկավարն է Ռուստամ Հասանյանը։

Հասանյանը Ֆերիկի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր նաև 2015 թվականի դեկտեմբերի 6-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ պաշտոնը ստանձնելով 2016 թվականի մարտի 4-ին։ 2019 թվականի դեկտեմբերի 8-ի ընտրություններում նա վերընտրվել է համայնքի ղեկավար։ Այսինքն՝ Ֆերիկի համայնքը նա ղեկավարում է արդեն շուրջ 10 տարի՝ հաշվի առնելով 2016 թվականից սկսած պաշտոնավարումը։

Ռուստամ Հասանյանը 2007 թվականից աշխատում է Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոցում՝ որպես եզդիերեն լեզվի և գրականության ուսուցիչ։

Ի՞նչ ունեցվածք ունի Ֆերիկի համայնքապետը

Հասանյանի 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարվա սկզբին նրա անունով անշարժ գույք նշված չի եղել, իսկ տարվա ընթացքում նոր անշարժ գույք ձեռք բերելու կամ օտարելու մասին տվյալներ նույնպես չկան։ Միևնույն ժամանակ հայտարարագրում նշված է, որ նա տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում գտնվող հողամասի։

Տրանսպորտային միջոցներից Հասանյանը հայտարարագրել է 2011 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2018 թվականի հուլիսի 27-ին՝ գնման եղանակով։

Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբում և վերջում կազմել են 400 հազար դրամ։

Եկամուտը

2025 թվականին Ռուստամ Հասանյանը հայտարարագրել է ընդհանուր 7 մլն 95 հազար 525 դրամ եկամուտ։ Դրանից 2 մլն 761 հազար 365 դրամը ստացել է Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ դպրոցից, իսկ 4 մլն 334 հազար 148 դրամը՝ Ֆերիկի համայնքապետարանի աշխատակազմից։

Նրա հայտարարագրում նաև նշված են վարկերի մայր գումարի մնացորդներ՝ ընդհանուր 334 հազար 300 դրամի չափով։

Սոնա Գրիգորյան




Լրահոս