Հանրության ուշադրությունն այս օրերին կենտրոնացած է ներքաղաքական խնդիրների վրա: Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ-ն քաղաքական պայմանավորվածության համաձայն, Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չընտրեց ՀՀ վարչապետ, որից հետո Սահմանադրության համաձայն` խորհրդարանն իրավունքի ուժով ազատ կարձակվի, եւ դեկտեմբերին կանցկացվեն նոր ընտրություններ: Եւ ահա մինչ հասարակության ուշադրությունը զբաղված է արտահերթ ընտրությունների անցկացման հարցերով, հետաքրքիր զարգացումներ են ընթանում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Միջազգային հանրությունը նոր թափով ձեռնամուխ է եղել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացմանը: Այս օրերին տարածաշրջան են այցելել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, երկուշաբթի նրանք Երեւանում էին, երեկ մեկնել են Արցախ: Սա, թերեւս, պատահական չէ: Ինչպես հիշում եք, օրերս տարածաշրջանում էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որ հայտարարել էր ՀՀ-ում արտահերթ ընտրություններից հետո ԼՂ հակամարտության կարգավորման հարցում վճռական քայլեր իրականացնելու անհրաժեշտության մասին: Բոլթոնը շեշտել էր, որ եթե Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժն ընտրություններում հաղթի, ապա վարչապետը լուրջ մանդատ կստանա վճռական քայլեր իրականացնելու համար:
Որ Փաշինյանի ղեկավարած ուժն ընտրություններում համոզիչ հաղթանակ կտանի, որեւէ մեկը, անգամ նրա քաղաքական հակառակորդները չեն կասկածում: Ու հիմա միջազգային հանրությունը, հանձինս համանախագահների, փորձում է ժամանակ չկորցնել` այս ընթացքը եւս օգտագործելով բանակցային գործընթացն առաջ մղելու, կողմերի դիրքորոշումները մոտեցնելու համար, որպեսզի արդեն հաջորդ տարվա սկզբներին հնարավոր լինի կազմակերպել Փաշինյան-Ալիեւ հանդիպումը:
Մինչ այդ, սակայն, ուշագրավ է արցախյան կողմի դիրքորոշումը: Երեկ Ստեփանակերտում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Արցախի ղեկավարության հետ, եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին կարեւորելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը, Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին: Սա ինքնին կարեւոր հանգամանք է, եթե հաշվի առնենք փաստը, որ ՀՀ իշխանություններն էլ իրենց հերթին են պնդում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, ինչպես նախատեսված է այսօր էլ գործող միջազգային փաստաթղթերով: