Տարօրինակ բյուջե. ինչպիսի մթնոլորոտում կանցնեն նախագծի քննարկումները ԱԺ-ում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մշտական հանձնաժողովներում երեկվանից սկսվել են 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Միայն թե այդ քննարկումներն ընթանալու են միանգամայն տարօրինակ իրավիճակում. ՀՀ գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը քննարկելու եւ քվեարկելու է երեկվանից իրավունքի ուժով արձակված խորհրդարանը: ՀՀ սահմանադրությունը նախատեսում է, որ ԱԺ-ն արձակվելուց հետո պահպանելու է լիազորությունները, մինչեւ կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, եւ կձեւավորվի նոր խորհրդարան:

Ու քանի դեռ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները հիմնականում ՀՀԿ-ականներ են, դժվար չէ կռահել՝ ինչպիսի մթնոլորտում են անցնելու բյուջեի նախագծի քննարկումները: Երեկ առաջին ծիծեռնակն էր. կառավարությանն ու բյուջեի նախագիծը քննադատելու գործառույթն իր վրա էր վերցրել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գագիկ Մինասյանը, որի բերած փաստարկները, մեղմ ասած, զավեշտի ժանրից էին:

Նա հայտարարեց, թե կառավարության գործունեության ծրագրում ամրագրել են, որ հեղափոխությունը տնտեսական եւ ներդրումային դրական սպասումներ է առաջացրել, սակայն պատկերը հիմա այլ է: Նա մի քանի ցուցանիշ մեջբերելուց հետո հայտարարել է, թե ներդրումների ամբողջ տարեկան աճը երկու անգամ նվազ է առաջին կիսամյակում գրանցված ցուցանիշից: «Աճի տեմպերի նվազում առկա է նաեւ ՀՆԱ-ի իրական աճի պարագայում: Եթե նախորդ տարի արձանագրվել է 7.5 տոկոս աճ, այս տարի ակնկալվում է 6.5 տոկոս, իսկ 2019-ին՝ 4.9 տոկոս: Դրանք համահունչ չեն կառավարության գործունեության ծրագրին»,- հայտարարել է Մինասյանը:

Ցանկացած բանական մարդու համար էլ պարզ է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չէր կարող տնտեսությունում անմիջապես փոխել իրավիճակը, եւ տնտեսության վրա հեղափոխության դրական ադեցությունը տեսնելու համար պետք է որոշակի ժամանակ: Բայց ՀՀԿ-ականների համար նման փաստարկները կարեւոր չեն: Նրանք խնդիր ունեն շահարկելու ցանկացած հարց:

Միայն թե տնտեսական աճի տեմպերի նվազեցման մասին ՀՀԿ-ականները խոսում են այն դեպքում, երբ իրենց իշխանավարման տարիներին սոսկալի անկում է արձանագրվել, ու սխալված չենք լինի, եթե ասենք, որ տնտեսությունը ավիրվել էր, այլակերպվել, եւ նոր կառավարությանը դեռ երկար ժամանակ կպահանջվի այն ոտքի կանգնեցնելու համար: Եւ այն ժամանակ Գագիկ Մինասյանը չէր խոսում իրենց խոստացած ու չապահոված ծրագրերից, այլ փորձում էր զանազան արդարացումներ մոգոնել: Մինչդեռ հիմա նա այլ կերպ է վարվում:




Լրահոս