Տարբեր մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքները շարունակում են զգալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքը: Ամռանն իրականացված շրջայցի ընթացքում, սահմանված չափորոշիչներով, ծրագրում ընդգրկվել էր նաև Սերոբյանների ընտանիքը:
Կիսավեր տարածքը, որում առանց ամուսնու երեխաներ է մեծացրել երիտասարդ տանտիրուհին՝ Վալյան, տարիներ առաջ գուցե լիարժեք տուն է եղել: Առանց տղամարդու հոգատար ձեռքերի մնացած հին տան պատերն ու տանիքը, սակայն, օրեցօր խարխլվել են: Խոհանոցը վերածվել է խորդանոցի, ննջասենյակը կահավորվել է անձրևոտ ու ձնառատ եղանակին առաստաղից կաթոցը հաշվի առնելով:
Երիտասարդ մայրն իր զավակների հետ երկար ու ծանր փորձությունների ճանապարհով է անցել: Արտագնա աշխատանքի մեկնած ամուսինը մնացել է արտերկրում, իսկ ընտանիքի բեռը՝ Վալյայի ուսերին: Բարի մարդկանց կողմից անհատույց, սակայն ժամանակավոր տրամադրված տարածքը տարիներ շարունակ ծառայել է որպես հնարավոր միակ կացարան: Օրվա մեծ մասն աշխատող կինը շարունակաբար ջանքեր է գործադրել փլուզման վտանգ ներկայացնող այգու ծածկը, խոնավությունից բորբոսնած սենյակի պատերն ու հերթական ձմեռը հաղթահարելու միտքը:
«Երբ ամուսինս աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնեց, հույս կար, որ մի օր հաջողած կվերադառնա, ու մեր բնակարանի խնդիրն էլ կլուծվի: Շուտով, սակայն, մարեց ոչ միայն տուն ունենալու, այլև նրա վերադարձի հույսը: Հասկացա, որ մենակ եմ մեծացնելու զավակներիս և պետք է արժանապատիվ անեմ դա: Ցավոք, ինչքան էլ ջանասիրաբար էի աշխատում, տուն ունենալու նպատակն անհասանելի երազանք էր մնում»,- ասել է Վալյան:
Առանց բնակարանի և օգնող ձեռքի մնացած երիտասարդ կինը մի քանի տեղ է աշխատել՝ հոգալով ոչ միայն չորս երեխաների օրվա հացի, այլև նրանց կրթության խնդիրը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ ընտանիքը Նոր Գեղի գյուղում բնակարանամուտ է նշել:
Առաջին հյուրերը եղել են աջակցողները՝ նոր կյանքի մեկնարկ տալով լավատեսության հույսը սրտում փայփայող, ուժեղ կնոջ ընտանիքին:
«Երբ լսեցի այս ընտանիքի պատմությունը, երկու զգացողություն ունեցա. տխրեցի իրենց ապրած դժվարություների համար, բայց ուրախացա, որ չեն կոտրվել: Միշտ զարմացել եմ ասֆալտը ճեղքած նուրբ ծիլ տեսնելուց: Այդ երևույթն ունի իր բացատրությունը. կյանքը շարունակելու ձգտումը մեզ դարձնում է ուժեղ: Երեխաներին մենակ մեծացնելու պատասխանատվությունը չի թուլացրել այս ընտանիքի մորը: Ուզում եմ հավատալ, որ նոր բնակարանում այս ընտանիքը նոր հաջողություններ կունենա»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Միշտ չէ, որ մեր շրջապատում կարող ենք հանդիպել մարդու, ով այդքան տոկուն և լավատես է մնացել՝ պայքարելով կյանքի հոգսերի դեմ: Ընտանիքի մոր՝ Վալյայի տեսակը ուժեղ մարդու մարմնավորումն է՝ ապագայի հետ կապված բազում լուսավոր երազներով»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: