1300 ձայնի համար` 13 մլն դրամ. ընտրակաշառքի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 14-ին ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել 2017թ. ԱԺ ընտրություններում ընտրողներին կաշառք բաժանելու համար: ՀՔԾ–ում քննվող քրեական գործով պարզվել էր, որ գյուղապետը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք է բաժանել: 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում, լինելով ԱԺ պատգամավորի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար, նրա օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով ընտրակաշառքներ բաժանելու համար վերջինից ստացել է 13 մլն դրամ եւ այն 10.000-ական դրամներով բաժանել ընտրողներին:

Եվ քանի որ թեկնածուն ընդամենը 800 ձայն է ստացել, պայմանավորվածության համաձայն` նրան է վերադարձրել չստացած 500 ձայնի դիմաց վերցրած 5 մլն դրամը:

Հատուկ քննչական ծառայությունը դատարանին միջնորդել է գյուղապետ Մհեր Մովսիսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` պարզվել էր, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանին կաշառք տվող պատգամավորը «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանն է եղել:

ՀՔԾ բացահայտումից անցել է 3 ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը նախաքննական մարմնից` ՀՔԾ-ից, հետաքրքրվեց թե ինչ փուլում է գտնվում այս գործը: Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին, որ գործով նախաքննությունը շարունակվում է:

Սակայն նկատենք, որ աղմուկից հետո նախաքննական մարմինը այս գործով դեռեւս ոչինչ չի արել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը անգամ ծանուցում չի ուղարկել Աշոտ Արսենյանին նրան հարցաքննության հրավիրելու համար:

Ուստի այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Արսենյանին հարցաքննության հրավիրելու հարցում նախաքննական մարմինն անգործություն է ցուցաբերում. ի վերջո, պատգամավորին որպես վկա հարցաքննելու հարցում չկա որեւէ խոչընդոտ: Խնդիր է, քանի որ երբ նրան մեղադրանք է առաջադրվում, անհրաժեշտ է ԱԺ-ի համաձայնությունը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ պատգամավորը իր մտերիմ շրջապատում ասել է, որ ինքը որեւէ մեկին գումար չի տվել, եւ նման բան չկա եւ, առհասարակ, իրեն էլ իրավապահները չեն կանչել հարցաքննել, որ ինքը հերքի այդ տեղեկությունները, որի մեջ իբր ցանկանում են իրեն մեղադրել: Արդյոք ԱԺ պատագամավորի պնդումները ճիշտ են, ցույց կտա ժամանակը, սակայն փաստ է մեկ բան, որ վերջինիս դեռեւս հարցաքննության չեն կանչել:

Քնար Մանուկյան




Լրահոս