Չնմանվել ՀՀԿ-ին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնվել է վտանգի առաջ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնվել է ՀՀԿ-ին նմանվելու վտանգի առաջ: Պետական պաշտոնյաները կամ պաշտոն ստանալու ակնկալիք ունեցողներն այս օրերին հայտարարում են ՔՊ-ին անդամակցելու մասին: Ամենաթարմ օրինակը պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանինն է, որ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու եւ ՔՊ-ին անդամակցելու մասին: Ավելի վաղ, հիշում եք` այս կուսակցությանն անդամակցելու մասին հայտարարեցին անկուսակցական նախարարներ Արսեն Թորոսյանը, Լիլիթ Մակունցը: Այս օրերին ՔՊ-ական դառնալու հայտ են ներկայացրել նաեւ տարբեր համայնքապետեր ու այլ պաշտոնյաներ:

Ճիշտ եւ ճիշտ, ինչպես ՀՀԿ իշխանության ժամանակ էր. հիշում եք թեկուզ Կարեն Կարապետյանի կառավարության անդամներին, որոնց նշանակեցին որպես իբր պրոֆեսիոնալների, բայց երեք ամիս չանցած` նրանք ՀՀԿ-ական դարձան` պատճառաբանելով քաղաքական թիմի անդամ դառնալու եւ քաղաքական պատասխանատվություն կրելու անհրաժեշտությամբ:

Հետեւանքները, տեսանք, թե ինչ եղան. պետական կառավարման համակարգը ժամանակի ընթացքում լիովին այլասերվեց ու միաձուլվեց իշխող կուսակցությանը` վերածվելով մեկ մարմնի: Եւ տարիներ շարունակ երկրում որոշումներ կայացնողը ոչ թե պետական մարմիններն էին, ոչ թե իշխանության ներկայացուցիչները, այլ իշխանական կուսակցությունը: Ու որքան էլ Դավիթ Սանասարյանը հայտարարի, թե «միասին կանենք ամեն ինչ, որ նոր ՀՀԿ-ներ չլինեն իշխանության», միեւնույն է, իր քայլով նպաստում է ՀՀԿ-ական բարքերի ներթափանցմանը նոր իշխանություն: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ ղեկավարության առաջ հիմա խնդիր է թույլ չտալ պետական կառավարման համակարգի կուսակցականացումը:

Մեկ կարեւոր փաստ եւս. որքանո՞վ է նորմալ վերահսկողական գործառույթներ ունեցող կառույցի ղեկավարի կուսակցականացումը: Ինչպես Հաշվեքննիչ պալատի նախագահը, ինչպես ՊԵԿ նախագահը, պետական վերահսկողական ծառայության ղեկավարը եւս պետք է լինի անկուսակցական: Ճիշտ է, գործող օրենսդրությունը պետական վերահսկողական ծառայության ղեկավարին չի արգելում կուսակցության անդամ դառնալ, ուստի հարցն այս պահին բարոյական հարթությունում է` միաժամանակ պահանջելով օրենսդրական համապատասխան լուծումներ:

Ու որքան էլ Դավիթ Սանասարյանն իր հերթին, նրա կողմնակիցներն իրենց հերթին հավաստիացումներ տան, թե ՔՊ-ական դառնալը չի ազդի անաչառության վրա, միեւնույն է, համոզիչ չի թվում: Կուսակցականացումն ունենում է իր հետեւանքները: Այնպես որ, այս որոշումները վերանայելու կարիք ունեն:




Լրահոս