Կրթական համակարգն ընտրական գործընթացներից զերծ պահելու համար քաղաքական կամք է պետք. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երեւանի եւ մարզերի կրթության վարչության պետերի հետ հանդիպմանը հանձնարարել է առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցները հեռու պահել քաղաքական գործընթացներից: Ավելին` Հարությունյանը հայտարարել է, թե խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որեւէ քաղաքական ուժի օգտին։ «Եթե նման ահազանգեր եւ փաստեր լինեն, անկախ նրանից` քաղաքական որ ուժի օգտին է արվել քարոզչությունը, կամ ում համար են օգտագործվել վարչական լծակները, մեղավորները պատժվելու են»,- ասել է նա:

Հայտնի փաստ է, որ Հայաստանում կրթական համակարգը նախկին իշխանությունների օրոք անխնա օգտագործվել է ընտրական գործընթացներում՝ արդյունքում ապականելով ոլորտը: Եւ այս առումով ԿԳ նախարարի պաշտոնակատարի հայտարարություններն ու հանձնարարականները կարեւոր են: Սակայն նման հանձնարարականներ հնչել են նաեւ նախկինում ու հնչել պարբերաբար. ԿԳ բոլոր նախարարները հայտարարել են կրթական ոլորտը չքաղաքականացնելու մասին: Բայց իրականությունը միանգամայն հակառակն է եղել: Հիշում եք խորհրդարանական ընտրությունների ժամանակ բացահայտված սկանդալը, երբ պարզվել էր, թե ինչպես են դպրոցների տնօրենները նախկին իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրում: Ընդ որում, այդ սկանդալից առաջ ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը ոչ միայն հայտարարել էր ընտրական գործընթացների ժամանակ կրթական համակարգը քաղաքականությունից զերծ պահելու մասին, այլեւ հատուկ շրջաբերական էր ուղարկել: Բայց այդպես էլ որեւէ մեկը չհետեւեց նախարարի խոսքին:

Սա, ինքներդ եք հասկանում, թե ինչու. ՀՀԿ իշխանության տարիներին իսպառ բացակայում էր քաղաքական կամքը: Իշխանությունները մի բան էին հայտարում, բայց իրականում միանգամայն այլ բան անում: Ընդ որում, կրթական համակարգն այս տարիներին քաղաքական գործընթացներին ծառայեցվել է ստիպողաբար, իշխանությունների հրահանգով:

Այնպես որ, հիմա շատ կարեւոր են ոչ այնքան նախարարների հայտարարությունները, որքան իշխանությունների քաղաքական կամքը թույլ չտալու, արգելելու, բացառելու արատավոր այդ երեւույթները: Այս առումով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններում ցույց է տվել, որ ունեն քաղաքական կամք: Հուսանք` նույնկերպ կլինի նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններում:




Լրահոս