Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է սրբագրել նախորդի աղմկահարույց որոշումները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է սրբագրել նախորդի աղմկահարույց որոշումները: Մասնավորապես, գործադիրը ցանկանում է օրենսդրությամբ սահմանել, որ այսուհետ կառավարության նիստերն անցկացվելու են դռնբաց: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որտեղ, ի թիվս այլ առաջարկների, նշված է. «Կառավարության նիստերը դռնբաց են: Վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ»:

Հիշում եք, դեռ նախկին իշխանությունների օրոք, երբ ՀՀԿ-ն պատրաստվում էր վարչապետ դարձնել Սերժ Սարգսյանին, նոր սահմանադրության չափանիշներին համապատասխան ընդունվեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքը, որտեղ եւ հատուկ դրույթ ամրագրվեց կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին: Այն ժամանակ ահագին աղմուկ բարձրացավ: ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը փորձում էր ամեն կերպ համոզել, թե օրենքի այդ դրույթի արդյունքում չի նվազի կառավարության գործունեության թափանցիկությունը, որ սա խոսքի ազատության սահմանափակում չէ:

Ընդհակառակը, նա փորձում էր պնդել, թե հենց լրագրողների ներկայությունն է պատճառը, որ կառավարության նիստերում քննարկումներ ու բանավեճեր չեն ընթանում: Մինչդեռ, կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու դեպքում այդ հարցը կլուծվի եւ ավելի արդյունավետ կառավարում կիրականացվի:

Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը, ընտրվելով վարչապետ, հայտարարեց կառավարության նիստերը դռնբաց անցկացնելու մասին, եւ այս ամիներին հենց այդպես էլ եղել է: Բայց հիմա, փաստորեն, Փաշինյանի կառավարությունը որոշել է իր գործունեությունը թափանցիկ դարձնել նաեւ օրենսդրորեն` խորհրդարանին առաջարկելով փոխել աղմկահարույց դրույթը:

Միայն թե, նկատենք, նախորդ կառավարությունը նման մեկ այլ փոփոխություն էլ արել էր «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում` ավագանու նիստերի ժամանակ սահմանափակելով լրագրողների մուտքը դահլիճ: Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք այդ սահմանափակումները չեն գործում: ՈՒ տրամաբանությունը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է հանդես գա նաեւ այս օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ` վերացնելով անհարկի օրենսդրական սահմանափակումները: Հուսանք` շատ կարճ ժամանակում հերթը նաեւ սրան կհասնի:




Լրահոս