ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ հայտարարելով, որ դրանց անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը: Այս համատեքստում Փաշինյանն ասել է, թե պետք է բացառել վարչական ռեսուրսի կիրառումը: Միաժամանակ նա ընդգծել է, որ մեկ քվեաթերթիկ անգամ չպետք է հայտնվի սխալ տրցակում. «Ընդ որում՝ ոչ միայն միջկուսակցական ֆորմատով, այլեւ ներկուսակցական ֆորմատով։ Ինչ նկատի ունեմ՝ քանի որ նաեւ ռեյտինգային ընտրակարգն է գործում, ձայները բաշխվում են ոչ միայն կուսակցությունների միջեւ, այլեւ նույն կուսակցության ներսում տարբեր թեկնածուների միջեւ, եւ պետք է բացառել որեւէ նման երեւույթ, եւ իհարկե, մենք շատ հստակ եւ խիստ ուղերձ պետք է հղենք, որ նման այսպիսի փորձ կատարող ցանկացած մեկին անպայմանորեն կհակազդի օրենքը իր ողջ ուժով»։
Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունը շատ կարեւոր է: Մի կողմից, որպես պետության ղեկավար, նա իր վրա է վերցնում ընտրությունները հավուր պատշաճի անցկացնելու քաղաքական պատասխանատվությունը: Միաժամանակ նա հստակ ուղերձ է հղում ընտրություններին մասնակից ուժերին եւ առաջին հերթին հենց իր թիմակիցներին: Հիշում եք 2017թ. ԱԺ ընտրությունները, երբ թեժ պայքար էր նույն կուսակցության ռեյտինգային թեկնածուների միջեւ: Արդյունքում որոշ մարզերում բախումներ, ծեծկռտուքներ եղան հենց իշխող կուսակցության թեկնածուների կողմնակիցների միջեւ, երբ չէին կարողացել իրար մեջ «կիսել» ընտրատարածքները: Այնպես որ, նույնը կարող է լինել նաեւ այս դեպքում, քանի որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ռեյտինգային թեկնածուները, ԱԺ-ում հայտնվելուց բացի, եւս մեկ գերխնդիր ունեն՝ մտնել ղեկավարության աչքը եւ ցույց տալ, որ հենց իրենք են կուսակցության համար ձայն բերողները: Մանավանդ հիմա, երբ երկրի գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաները՝ նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, փոխմարզպետներ, առաջադրվել են որպես թեկնածու ռեյտինգային ընտրակարգով ու մրցելու են իրար հետ:
Ի դեպ, արդեն որոշ ընտրատարածքներից՝ հատկապես մարզերից, լուրեր են ստացվում, որ ռեյտինգային թեկնածուները միմյանց դեմ սկսել են ընտրապայքարը, անազնիվ մեթոդների կիրառումը, միայն թե հնարավորինս շատ ձայն ստանան: Ու հիմա՝ վարչապետի հայտարարությունից հետո, ոմանք իսկապես սթափվելու կարիք ունեն: Այլապես ստիպված ենք լինելու արձանագրել, որ նոր իշխանության որոշ ներկայացուցիչներ շարունակում են հին գործելաոճով աշխատել: