Խոսելով նախկինում իրենց կատարած սխալների մասին` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կրկնել է նախորդ շաբաթ հայտնած միտքը` ՀՅԴ-ն այլեւս չպետք է մաս կազմի այնպիսի կոալիցիայի, որում չունի որոշիչ ձայն: «Շատ խնդիրներ չեն լուծվել հենց այս պատճառով: Կոալիցիոն գործընկերները գործել են իրենց հայեցողությամբ»,- երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է Ռուստամյանը: Միաժամանակ, նա, որպես օրինակ, մատնանշել է 2003թ. իրենց ջանքերով ընդունված օրենքը, որ ՀՀ սոցիալական քաղաքականությունը հիմքում ընդունում է կենսաապահովման զամբյուղը, բայց դրա բաղադրությունը եւ մնացած խնդիրները պետք է լուծեր կառավարությունը: Եւ Ռուստամյանն ավելացրել է` քանի որ ՀՅԴ-ն չուներ վճռական ձայնի իրավունք, այդ խնդիրն այդպես էլ մնացել է չլուծված:
Լավ է, երբ ՀՅԴ ներկայացուցիչները որոշել են վերանայել անցյալում իրենց կատարած քայլերն ու խոստովանել սխալները: Սակայն Ռուստամյանի այս «խոստովանությունը» շատ արհեստական է: Եվ հետո` պարզվում է` ՀՅԴ-ն Արմեն Ռուստամյանի միջոցով նման «սպառնալիք» հնչեցրել է նաեւ նախկինում, բայց այդպես էլ տեր չեն կանգնել իրենց խոստմանը: Մասնավորապես, 2007թ. ԱԺ ընտրություններից հետո` մայիսի 16-ի ասուլիսին, Արմեն Ռուստամյանն ասել էր, թե իրենց կուսակցությունը կառավարության սիմվոլիկ մաս չի կազմի: «ԱԺ-ում ստեղծվել է փաստացի մեծամասնություն, եւ այնպիսի մեծամասնություն, որ հնարավոր է կարողանա միանձնյա ձեւավորել կառավարություն… Ինչ վերաբերում է հնարավոր կոալիցիա ձեւավորել-չձեւավորելու խնդիրներին, մեզ այդպիսի առաջարկություն չի եղել, եւ չենք էլ կարծում, որ ԱԺ-ի այս պատկերը այդպիսի առաջարկության տեղ թողնում է: «Դաշնակցությունը» կառավարության սիմվոլիկ մաս չի կազմի: Մենք դեմ ենք կառավարությունում ձեւական պաշտոնների»,- ասել էր Ռուստամյանը:
Բայց այդ հայտարարությունից մեկ տարի չանցած` ՀՅԴ-ն ՀՀԿ-ի (նաեւ ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի) հետ կոալիցիա կազմեց, այն էլ` մարտիմեկյան իրադարձություններից հետո: Ու կոալիցիա կազմեց մի իրավիճակում, երբ իրենց ներկայությունն իրոք սիմվոլիկ էր. ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն էր: Նույնը նաեւ 2016-2017թթ կազմած կոալիցիայի դեպքում էր, երբ ՀՀԿ-ն կրկին բացարձակ մեծամասնություն էր, այն էլ` ավելի լայն ներգրավվածությամբ:
Այնպես որ, ՀՅԴ-ականների հայտարարությունները մի տեսակ լուրջ չեն հնչում, երբ հայտարարում են մի բան, հետո անում հակառակը: