Տպավորություն է, թե ՀՀԿ-ականները որոշել են նախընտրական այս շրջանում իրենց հայտարարություններով զվարճացնել հանրությանը: Օրինակ` ՀՀԿ ԳՄ անդամներից ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը երեկ խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին` հայտարարելով. «Եթե նախկին իշխանությանն ասում են՝ դուք կոռուպցիայի մեջ եք եղել, հետեւաբար, չե՞ն կարող քննադատել այսօրվա կոռուպցիան: Ճիշտ հակառակն է: Իշխանությունը եթե խոսում է նախկին իշխանության կոռուպցիոն վիճակում գտնվելու մասին, նշանակում է` ինքը ոչինչ չունի ասելու իր՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մեր իշխանությունն իսկապես ունի ասելու, թե ինչպես պետք է կոռուպցիայի դեմ պայքարել, որովհետեւ այդուհանդերձ մենք ունեցել ենք հաջողություններ այդ բնագավառում եւս»:
Փառահեղ է ասված: Ստացվում է՝ եթե նախկին իշխանությունները թաթախված են եղել կոռուպցիայի մեջ, ավելի շատ իրավունք ունեն խոսելու կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Սովորաբար, քրեական իրավունքի մեջ կան «անկեղծ զղջում», «ինքնախոստովանական ցուցմունքներ» հասկացություններ, երբ հանցագործություն կատարած անձը խոստովանում է արարքը` այդպես օգնելով նախաքննական մարմնին բացահայտելու կատարվածը: Սովորաբար հետագայում պատժաչափը որոշելիս դատարանը նման պահվածքն ընդունում է որպես մեղմացուցիչ հանգամանք:
Հիմա ՀՀԿ-ականների դեպքում է: Երբ նրանք հայտարարում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելու իրենց իրավունքի, այդ կապակցությամբ ասելիք ունենալու մասին, հիշում ենք քրեական իրավունքի հայտնի նորմը. ի վերջո, կոռուպցիայի մասին ՀՀԿ-ականների հայտարարությունները կարելի է մի քանի խաչաձեւ հարցմամբ վերածել ինքնախոստովանական ցուցմունքների: Քսան տարի շարունակ թաթախված լինելով կոռուպցիայի մեջ` նախկին իշխանություններն ամենալավը կարող են ասել, թե որտեղ ինչ են արել, ինչպես են արել: Այնպես որ, իսկապես պետք չէ ՀՀԿ-ականներին զրկել նման հնարավորությունից:
Բայց ՀՀԿ-ական գործչի ուշագրավ հայտարարությունները միայն այսքանով չեն սահմանափակվում: Պարզվում է՝ ՀՀԿ-ականների տրամաբանությամբ` իշխանությունը, եթե խոսում է նախկինի կոռուպցիայի մասին, ոչինչ չունի ասելու իր կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Քսան տարի շարունակ կոռուպցիայի մեջ թաթախված իշխանությունը պարզվում է` չի պատկերացնում, որ կարելի է իշխանավարել առանց հանցագործություն կատարելու, չի պատկերացնում, որ նոր իշխանությունները կարող են եւ կոռումպացված չլինել: ՀՀԿ-ականներին չես մեղադրի. նրանց համար ազնիվ գործելաոճն իրոք խորթ է: