Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այդ կապակցությամբ նոյեմբերի 21-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում երեխաները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին:

Հանդիպման սկզբում 7-րդ դասարանի աշակերտ Գոռ Համբարձումյանը խոսեց ներառման մասին, ինչպես նաև հատուկ և այսօր արդեն հանրակրթական դպրոցներում ուսանելու իր փորձի, ընկերներ գտնելու և ապագայում հայտնի երգիչ դառնալու ծրագրերի մասին:

Վալերիյ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի Նարեն խոսեց երեխաների լսված լինելու և իրենց առնչվող որոշումների կայացման գործընթացին մասնակից լինելու իրավունքների մասին:

12-րդ դասարանի աշակերտ Հայկը կոչ արեց ուշադրություն դարձնել սոցիալական, այն է՝ կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում արվող պետական և մասնավոր ներդրումներին, որոնք լավագույնս կապահովեն յուրաքանչյուր երեխայի զարգացումը:

Աշտարակից աշակերտուհի Աննան շարունակեց երեխաների օպտիմալ զարգացման թեման՝ կարևորելով անհրաժեշտ ծառայությունների հասանելիությունը յուրաքանչյուր երեխայի համար՝ անկախ բնակության վայրից:

16-ամյա Դիանան խոսեց երեխաների կյանքում հոր դերի կարևորության մասին, իսկ 17.am-ի երիտասարդ թղթակցուհի Մարիամը ներկայացրեց կյանքում և աշխատաշուկայում անհրաժեշտ հմտությունների պակասի խնդիրը, որին բախվում են բազմաթիվ աշակերտներ կրթական համակարգում դրանք ձեռք չբերելով:

Երեխաները նաև լսեցին ՀՀ նախագահի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի ելույթները, ինչպես նաև՝ քննարկեցին իրենց ներկայացրցած խնդիրների հնարավոր լուծումները մեծահասակների հետ, այդ թվում՝ ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Գլոբալ նախաձեռնության շրջանակում այս շաբաթ աշխարհի տարբեր անկյուններում երեխաներն իրենց ձեռքն են վերցնում զանգվածային լրատվամիջոցների, քաղաքականության, բիզնեսի, սպորտի և զվարճանքների ոլորտի ղեկը՝ զորակցելու դպրոց չհաճախող, անպաշտպան և տեղահանված միլիոնավոր իրենց տարեկիցներին: Հայաստանում նոյեմբերի 20-ին երեխաները մասնակցեցին «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական և «Բարի լույս» ծրագրերի եթերին, որի շրջանակում զրուցեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հետ, իսկ երեկոյան մեկնաբանեցին մարզական լուրերն և ներկայացրեցին եղանակի տեսությունը:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունմամբ աշխարհը երեխաներին խոստացավ, որ իր ուժերի սահմաններում կանի հնարավորը, որ պաշտպանի և խրախուսի երեխաների՝ կյանքի, զարգանալու, սովորելու, իրենց ամբողջական ներուժին հասնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունքները: «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան պատմության մեջ ամենաարագ և լայնորեն վավերացված մարդու իրավունքների մասին փաստաթուղթն է:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան» 1992 թվականին, իսկ 2019 թվականին ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների կոմիտեին կներկայացնի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ իր պարբերական զեկույցը:




Լրահոս