ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ԵՄ-ն իր հերթին, ԱՄՆ կառավարությունն իր հերթին ֆինանսական օժանդակություն են ցուցաբերելու: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին հայտարարել է, թե ԵՄ-ն 850 հազար եվրո է տրամադրելու խորհրդարանական ընտրությունների վերահսկման նպատակով. իրականացվելու է երեք նոր ծրագիր: Դրանք ուղղված են քաղաքացիական հասարակության ներգրավմանն ու վերահսկողության ուժեղացմանը` որպես ժողովրդավարական ընտրությունների գործընթացի անբաժանելի տարրեր: ԱՄՆ-ն էլ ՀՀ կառավարությանը 8 մլն դոլար է տրամադրելու:
Դեսպանատան մամուլի ծառայության փոխանցմամբ` այդ 8 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիրը համալրում է հունիսին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված ավելի քան 640 հազար ԱՄՆ դոլարը, որի նպատակն է անցումային գործընթացներում, այդ թվում եւ ԱԺ ընտրություններում, ՀՀ կառավարությանն օժանդակելը, հանրային կարծիքի անկախ ուսումնասիրությունների, ռազմավարական հաղորդակցության շուրջ ուսուցման եւ քաղաքացիական հասարակության խմբերին ընտրությունների դիտարկման հարցում խորհրդատվության ապահովումը ֆինանսավորելը:
ԵՄ-ի ու ԱՄՆ-ի այս նախաձեռնությունն անշուշտ ողջունելի է, բայց միաժամանակ` անիմաստ: Ինչպես հիշում եք, 2017թ. ԱԺ ընտրությունների նախաշեմին` երկարատեւ պայքարից հետո, ընդունվեց Ընտրական օրենսգիրքը, որտեղ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության պահանջով ներառվեցին ընտրակեղծիքների հնարավորություններն էապես սահմանափակող դրույթներ: Այն ժամանակ ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու մի քանի այլ երկրներ անհրաժեշտ գումար տրամադրեցին տեսախցիկներ, ընտրողներին մատնահետքով գրանցելու սարքավորումներ ձեռք բերելու եւ քվեարկության օրը ընտրատեղամասերից օնլայն հեռարձակում ապահովելու նպատակով: Սա պետք էր, քանի որ ակնհայտ էր` ՀՀԿ-ն պատրաստ է ամեն գնով կեղծել ընտրությունների արդյունքները նոր խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու եւ սեփական իշխանության վերարտադրության համար:
Մինչդեռ հիմա նման ծախսերն անիմաստ են. ի տարբերություն ՀՀԿ-ի` Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի ժողովրդի գերակշիռ մասի աջակցությունը, եւ առանց որեւէ ընտրախախտման նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը կարող է բացարձակ մեծամասնություն կազմել ԱԺ-ում: Սա, ի դեպ, ընդունում են նաեւ Փաշինյանի քաղաքական հակառակորդները: Բացի այդ, նոր իշխանությունն ապացուցել է, որ առանց միջազգային հանրության պահանջի ունի քաղաքական կամք ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու եւ ընտրակեղծիքները կանխելու համար: Վկան Երեւանի ավագանու վերջին արտահերթ ընտրություններն էին: