Երեկ քարոզարշավն ընթացավ ՀՀԿ-ի ու «Իմ քայլի» միջև փոխադարձ մեղադրանքներով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը հուշում է, որ այս անգամ էլ քաղաքական դաշտը բաժանվելու է սեւերի ու սպիտակների, ճիշտ այնպես, ինչպես եղավ Երեւանի ավագանու ընտրություններում: Միայն թե, այս անգամ սեւ ու սպիտակի բաժանումն արեց ոչ թե «Իմ քայլը» դաշինքը (ինչպես Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ), այլ ՀՀԿ-ն:

Նախկին իշխող կուսակցությունը հրապարակեց նախընտրական բուկլետը՝ սեւ ու սպիտակ գունաբաժանումով, այդ ոճով են նրանց նախընտրական պաստառները` այդպես կարծես հիշեցնելով Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ կատարվածը, ընտրություններ, որոնց իրենք չէին մասնակցել: Միաժամանակ նրանք նախընտրական առաջին ասուլիսը (քանի որ փողոցային հանդիպումներ չեն ունենալու, քարոզարշավն անցկացնելու են լրատվամիջոցներով) նվիրեցին ոչ այնքան իրենց ծրագրերի ներկայացմանը, որքան Նիկոլ Փաշինյանի կառավարության հասցեին քննադատություններին, երբ ասվեց, որ դեկտեմբերի 10-ին ընտրությունների արդյունքների հրապարակմամբ վարչապետին հիասթափություն է սպասվում:

Ու պետք է ասել, որ ՀՀԿ-ականները հասան իրենց նպատակին. ստիպեցին վարչապետին նախընտրական ելույթներում հիշել իրենց մասին բավական կոպիտ բառապաշարով, իհարկե: ՀՀԿ-ականների հասցեին Փաշինյանի դաժան քննադատությունները հասարակությունն ընդունում էր առանձնահատուկ ոգեւորությամբ: «Այսօր ՀՀԿ-ն դուրս է եկել մեյդան, տապանաքարի նման պլակատներ են սարքել սեւով: Այս ընտրությունները պետք է արձանագրեն ՀՀԿ-ական թալանչիների քաղաքական մահը եւ նրանց` որպես երկիրը թալանածի, պետք է այս ընտրությունները նետի պատմության աղբանոցը…

Այսօր եկել, կանգնել են, ասում են՝ եթե մտահոգ եք բանակով, քվեարկե՛ք ՀՀԿ-ի օգտին: Այս բանակը 20 տարի թալանած, սերմացու գողացող մկնե՛ր, դուք դեռ բարոյական իրավունք ունե՞ք բանակի մասին խոսել: Դուք, որ մեր զինվորին մայկա-տռուսիկով չեք կարողացել ապահովել… Զինվորի հացը գողացած ոչ մի ստահակ չի խուսափելու պատասխանատվությունից: Նրանց տեղը բանտն է, եւ նրանք հայտնվելու են բանտում»,- ասաց Փաշինյանը:

Եւ ահա երեկ քարոզարշավն ընթացավ ՀՀԿ-ի ու «Իմ քայլի» միջեւ փոխադարձ մեղադրանքներով: Իհարկե, օրվա վերջում ՀՀԿ-ականները հայտարարեցին, թե իրենք են իսկական ընդդիմությունը, քանի որ վարչապետի հայտարարություններն ուղղված էին իրենց: Ամենայն հավանականությամբ, նախկին իշխանությունների ուզածն էլ դա էր` ստիպել Փաշինյանին, որ անընդհատ հնչեցնի իրենց անունը: Միայն թե, ՀՀԿ-ականները հաշվի չեն առել, որ հասարակությունը շարունակում է մերժել իրենց դեռ երկար ժամանակ:




Լրահոս