ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի երեկվա հայտարարությունները` ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի մասին, իսկապես մտահոգիչ էին: Իրավապահներին հայտնի է գաղտնալսումը պատվիրած եւ իրականացրած անձանց շրջանակը, բայց չկան կոնկրետ փաստեր` այդ անձանց քրեական պատասխանատվության կանչելու համար: «Օպերատիվ եղանակով ստացվել է տեղեկատվություն, սակայն, ցավոք սրտի, չի լինում փաստագրել, ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին, որովհետև մարդիկ, ովքեր արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն ու իրավապահ համակարգը ջանք չեն խնայելու այդ գործը բացահայտելու համար։ Իրենք շատ լավ պատրաստված են եղել ու հետք չեն թողել, որով կարող ենք մեղադրանք առաջադրել»,- ասել է Վանեցյանը` հավելելով, որ ձայնագրման տեսանյութը հրապարակվել է Իսպանիայից, եւ իրավապահները հիմա աշխատում են այդ ուղղությամբ։
Նա պատահական չի համարել այն, որ սեպտեմբերի 6-ից գաղտնալսման տեսաձայնագրությունը եղել է համացանցում, սակայն հանրության լայն շրջանակին է ներկայացվել սեպտեմբերի 11-ին.«Պատճառնայնէ, որ տեղեկատվությունը տարածելու, բայց հետք չթողելու համար պետք է շատ զգուշ գործել։ Ժամանակն իր տեղը կդնի ամեն բան։ Չգիտեմ՝ կարող ենք փաստագրել ու քրեական պատասխանատվության ենթարկել»:
Ակնհայտ է, որ սովորական մարդիկ չէին կարող գաղտնալսել իրավապահ համակարգի ղեկավարների հեռախոսազրույցը, այլ` գործել են լուրջ պրոֆեսիոնալներ, որոնք եւ հնարավորություն են ունեցել տիրապետելու համապատասխան տեխնիկասարքավորումների: Գոնե Հայաստանում կարելի է ենթադրել, թե ովքե՞ր կարող են լինել այդ մարդիկ. ի վերջո նման մարդկանց թիվը հազիվ թե այդքան շատ լինի: Գաղտնալսման հրապարակումից հետո մամուլում եղան վերլուծություններ, առաջ քաշվեցին վարկածներ եւ այսպես շարունակ:Ու հիմա, եթե այս իրավիճակում հնարավոր չի բացահայտել կատարվածը, եթե հնարավոր չէ հավաքել կոնկրետ փաստել` հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության կանչելու համար, նշանակում է իրավիճակը մտահոգիչ է: Առավել մտահոգիչ է այն, որ նման դեպքերը կարող են կրկնվել ցանկացած պահի, եւ ցանկացած անձի դեպքում, ու հանցագործները կարող են հետքերը խնամքով թաքցնել:
Այնպես որ այս քրեական գործի բացահայտումն ինչ-որ տեղ նաեւ պատվի հարց է, եւ իրավապահ համակարգը ջանք ու եռանդ չպիտի խնայի` այդ անձանց բացահայտելու համար: Եթե անգամ այս պահին դեռ կոնկրետ փաստ չկա, սա դեռ չի նշանակում, որ առաջիկայում էլ չի լինի: