ՖՈՏՈ. Ավերիչ երկրաշարժից 30 տարի անց՝ բնակարանամուտ Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրեցի Հովհաննիսյանների ընտանիքը 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո երեք տասնամյակ ապրել է փայտյա ինքնաշեն կացարանում: Բազմանդամ ընտանիքի հայրը՝ Մարտինը, համերկրացիներից շատերի նման, փորձել է ինչ-որ լուծում գտնել, երբ զգացել է, որ ժամանակավոր կացարանից դուրս գալու նպատակը հեռու է իրականություն դառնալուց:

Խոնավությունից քայքայված կացարանին ամեն կերպ տան տեսք տալու նրա փորձերը, սակայն, ձախողվել են: Իսկ նոր տուն կառուցել չի հաջողվել՝ սոցիալական պայմանների պատճառով: Երեք տասնամյակ է պահանջվել՝ միայն պատերն ու տանիքը կառուցելու համար: Ժամանակավորից երկարաժամկետ բնակավայրի վերածված փայտե կացարանը մնացել է ընտրության միակ հնարավորությունը:

Ընթացիկ տարվա գարունն ավետաբեր է եղել Հովհաննիսյանների համար. ընտանիքին ընդգրկվել է գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում: Կամավորության սկզբունքով համախմբված թիմերը Մարատի հետ շինարարություն են սկսել՝ նրա երազանքն իրականություն դարձնելով: Նոր և կոմունալ բոլոր պայմաններով ապահովված բնակարանում հյուրընկալվել են աջակցող կազմակերպությունների ղեկավարները:

«Տարիներ շարունակ աշխատել եմ ընտանիքիս համար նորմալ պայմաններ ստեղծել, սակայն չեմ հաջողել: Փորձել ել եմ տան տեսք տալ փայտյա ինքնաշեն տնակին, բայց միևնույն է՝ այն մնացել է ցուրտ ու խոնավությունից փտած հատակով ժամանակավոր կացարան: Տասնամյակներ են անցել, երեխաներս արդեն իրենց ընտանիքն են ստեղծել, սակայն գրեթե ոչինչ չի փոխվել:

Դժվարություններից երբեք չեմ վախեցել, բայց վախենում էի, որ որդիներս պանդխտության ուղին կբռնեն, ու տունս կքանդվի՝ դեռ չսարքված: Ձեր օգնությամբ այսօր ոչ միայն տունս կառուցվեց, այլև՝ ընտանիքս համախմբվեց: Անչափ շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Մարտինը:

«Ցանկացած գործում, յուրաքանչյուրը պետք է ունենա հենման կետ։ Մեկի համար դա կարող է լինել հույսը, մյուսի համար՝ վճռականությունը, երրորդի համար՝ կամքը։ Կարևոր չէ, թե երազանքների իրականացման ճանապարհին ով ինչ կընտրի։ Կարևորը դրանցից մեկի առկայությունն է՝ սկսած գործում։ Մեզ համար, իբրև կազմակերպություն, կարևոր է մեր հայրենակիցների համար այդ հենման կետն ապահովելը։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ ևս մեկ ընտանիք, մեր գործակցության արդյունքում, հաղթահարեց տարիների խնդիրն ու լուսավոր ժպիտով կարող է նայել ապագային»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ցավալի է, որ երկրաշարժից երեսուն տարի անց դեռ բնակարանային խնդիրներ կան: Այստեղ ապրող մարդիկ, հիրավի, հայրենի հողը չլքելու վճռականությամբ լցված, տոկունության և ուժի իսկական օրինակ են: Տարիների դժվարությունները հաղթահարած, սակայն լավատեսությամբ լեցուն այս ընտանիքի հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելը իսկական երջանկություն է»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հովհաննիսյաններն արդեն չեն անհանգստանում տեղանքին հատուկ՝ ցրտաշունչ ձմռան հեռանկարից: Ավելին, կա տարեմուտը նոր բնակարանում նշելու անհամբեր սպասում:




Լրահոս