Armenian text to speach

Ռուբինյանը նոր որոշում է կայացրել. ինչ է սպասվում Ռազմիկ Առաքելյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ անցկացվող ծառայողական քննության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով։

ԱԺ նախագահի՝ նոյեմբերի 25-ին հրապարակված կարգադրության համաձայն՝ ծառայողական քննությունն անցկացնող հանձնաժողովը դիմել է քննության ժամկետը երկարաձգելու խնդրանքով։ Հաշվի առնելով հանձնաժողովի դիմումը և ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի ներկայացրած միջնորդությունը՝ որոշվել է քննության ժամկետը երկարաձգել մեկ ամսով։

Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 6-ին կարգադրություն էր ստորագրել Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու և քննությունն իրականացնող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին։ Քննության համար ի սկզբանե սահմանվել էր 20-օրյա ժամկետ։

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ ծառայողական քննության հիմքում կարող են լինել խորհրդարանից տարբեր բնույթի տեղեկատվության արտահոսքերի վերաբերյալ կասկածները։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմում ենթադրություններ են առաջացել, որ խորհրդարանում շրջանառվող որոշ տեղեկություններ արտաքին շրջանակներին կարող էին փոխանցվել Ռազմիկ Առաքելյանի միջոցով։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռազմիկ Առաքելյանը հերքել էր իր առնչությունը տեղեկատվության արտահոսքերին՝ նշելով, որ քննության ընթացքում ամեն ինչ կպարզվի։ Նա նաև հայտնել էր, որ այդ պահին գտնվում է անաշխատունակության մեջ և չի ցանկանում այլ մեկնաբանություններ տալ։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս