Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ այդպես էլ հրապարակավ չարձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված հորդորներին: Խոսքը Գեղարքունիքի մարզում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի ելույթի մասին է. «Ես, ընդհանրապես, վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում ԼՂՀ իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Էդ ինչի՞ են ակտիվացել եւ ինչի՞ են տարբեր մեկնաբանություններ անում եւ ինչի՞ են փորձում որեւէ ձեւով խառնվել եւ իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։
Ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին եւ իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու։ Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օրը մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս։ Այ քեզ բա՜ն։ Սթափվե՛ք, հարգելիներս, եւ զբաղվե՛ք ձեր աշխատանքով»,- ասել է նա:
Փոխարենը, առիթը բաց չեն թողել ՀՀԿ ու ՀՅԴ ներկայացուցիչները՝ փորձելով ՀՀ վարչապետի հայտարարությունները ներկայացնել որպես մարդկանց արտահայտվելու իրավունքը սահմանափակելու փորձ: Ավելին` նրանք այնքան հեռու են գնացել, որ, օրինակ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը Փաշինյանին մեղադրել է արցախատյացության մեջ: ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն էլ (եւ ոչ միայն նա) կատարվածը որակել են որպես հայկական երկրորդ հանրապետության պաշտոնական ընտրված իշխանությունների` հայաստանյան քաղաքական իրավիճակի մասին տեսակետներ հայտնելն արգելելու փորձ:
Կարճ ասած` երեկ Փաշինյանի դեմ հերթական արշավն է սկսվել, ինչպես եւ կարելի էր ակնկալել, պարզունակ մանիպուլյացիաների միջոցով: Ի վերջո, միանգամայն ակնհայտ էր, թե ՀՀ վարչապետն ինչ նկատի ուներ Արցախի իշխանություններին ուղղված իր ուղերձով: Պետական բարձրաստիճան պաշտոնյաների տեսակետն ընկալվում է որպես տվյալ երկրի իշխանության տեսակետ:
Ըստ այդմ, Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ արցախցի տարբեր պաշտոնյաների մեկնաբանությունները ընկալվում են ոչ թե սովորական մարդու անձնական տեսակետ, այլ հենց ՀՀ իշխանությունների դեմ Արցախի իշխանությունների խոսք: Իսկ նման իրավիճակներում պաշտոնյաները պարտավոր են քաղաքական զսպվածություն ցուցաբերել` զգուշանալով, այսպես կոչված, անձնական տեսակետը հայտնելուց:
Իսկ մինչ այդ մեկ փաստ էլ. զուգադիպությո՞ւն է, թե՞ ոչ. չնայած Արցախի նախագահը հայտարարեց ՀՀ իշխանությունների հետ համակարծիք լինելու մասին, բայց արցախցի պաշտոնյաների մանր սաբոտաժները սկսվեցին Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելուց եւ կալանավորելուց հետո: