ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով 2017թ Երեւանի ավագանու ընտություններից առաջ Հանրապետականների կողմից ընտրակաշառքի բաժանման կապակցությամբ հարուցված քրեական գործին, հայտարարել է. «Եթե ինչ-որ մի անձ կատարում է հանցավոր արարք, դա ամենեւին չի նշանակում, որ որեւէ մեկը պետք է գայթակղություն ունենա դա տարածել ողջ կուսակցության վրա»: Խոսքը, հիշեցնենք, «Զիբիլիքս» անունը ստացած քրեական գործի մասին է:
Այդ գործով անցնում է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության նախկին պետ, Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը, որն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը` տալով խոստովանական ցուցմունքներ:
Ու հիմա Դավիթ Հարությունյանը պնդում է, թե ՀՀԿ-ականի կատարած այս արարքը չպետք է տարածել կուսակցության վրա: Եթե ՀՀԿ-ականը մեղադրվեր գողության մեջ, մարդուն վնասվածք հասցնելու մեջ, սպանության մեջ, Դավիթ Հարությունյանի տեսակետի հետ միգուցե կարելի էր համաձայնել:
Բայց այս դեպքում խոսքն ընտրական հանցագործության մասին է՝ ընտրակաշառք բաժանելու մասին, մի արարք, որը նախկին իշխանությունների օրոք իրականացվել է տարիներ շարունակ համակարգված, մանրակրկիտ ծրագրավորված կերպով:
Այսօր ամենամիամիտ մարդն անգամ դժվար թե հավատա, որ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ականները կհամարձակվեին ինքնագլուխ ընտրակաշառք բաժանել առանց ունենալու ՀՀԿ վերնախավի թույլտվությունը, այն էլ՝ Երեւանի ավագանու ընտրությունների նման մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ: Ընդհակառակը, նախկին իշխանությունների օրոք Հայաստանում հաստատված կարգուկանոնի համաձայն, ՀՀԿ-ականների կողմից նման ինքնագործունեությունը պարզապես բացառված էր: Չէր կարող որեւէ թաղապետարանի աշխատակից, ՀՀԿ նախընտրական շտաբի որեւէ ներկայացուցիչ ընտրակաշառք բաժանել առանց այդ հարցը կուսակցության վերնախավի հետ ճշտելու: Նույնն է նաեւ այս դեպքում:
ԵՒ հետո` հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվում, որ ընտրակեղծիք իրականացնելու, ընտրակաշառք բաժանելու համար հիմնականում մեղադրվում են ՀՀԿ-ականները, ի դեպ, նաեւ իրենց իշխանության օրոք հարուցված քրեական գործերով: Հիշում եք սահմանադրական հանրաքվեին հաջորդած քրեական գործերի շարքը, երբ բացահայտվել էր ընտրակեղծիքների մի հսկա շարան:
Մեկ փաստ էլ. հիշո՞ւմ եք 2017թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշումը, որտեղ արձանագրված էր, թե «ՀՀ հանրային իշխանությունների առաջնային խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնվեցին միջազգային եւ տեղական առաքելությունների կողմից մասնավորապես քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների առնչությամբ»։