Անհասկանալի արձագանք. ինչու են կարկառուն ՀՀԿ-ականները դժգոհում իրավապահների տրամաբանական քայլերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ թեկնածուները մեկը մյուսի հետեւից հայտարարեցին, թե իրենց համախոհներին սպառնում են, ահաբեկում են, ուղղորդում են:

Մասնավորապես, վերջին թարմ դեպքերը Արփինե Հովհաննիսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի, Մարգարիտ Եսայանի գրեթե նույնաբովանդակ հայտարարություններն են:

Արփինե Հովհաննիսյանը դիմել է ոստիկանություն` հաղորդելով, որ համացանցում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում:

Երեկ հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը հրավիրվել է բացատրություն տալու: Մինչ այդ Արփինե Հովհաննիսյանի` սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ ոստիկանությունը հայտնել է, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրությունների քարոզարշավին ոստիկանության միջամտելու վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, ապա ոստիկանությունը հայտնել է, որ այն ստահոդ է եւ պայմանավորված քարոզարշավի տրամաբանությամբ. ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին եւ հստակ իրականացնում է բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու իր պարտականությունը:

Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ հայտարարեց, որ ինքն այսօր է հրավիրված ոստիկանություն:
«Ընդունում եմ խաղադրույքներ Նիկոլ Փաշինյանի վախեցած եւ խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ», – իր խոսքում հավելել է Աշոտյանը:

Այդուհանդերձ, ՀՀԿ-ական պատգամավորների արձագանքներն անհասկանալի են: Մինչ իրավապահներն ընթացք են տալիս իրենց հայտարարություններին` փորձելով պարզել նրանց թիմակիցներին ահաբեկողներին, ՀՀԿ-ականներն այդ գործողությունները որակում են որպես քաղաքական հետապնդում, նախընտրական ճնշում եւ այլն: Ընդ որում, խոսքը ոչ թե շարքային ՀՀԿ-ականների, այլ ՀՀ-ում բարձր պաշտոն զբաղեցրած, այսօր դեռ պատգամավորի մանդատ ունեցող անձանց մասին է, որոնց հազիվ թե կարելի է ոստիկանություն հրավիրելով ճնշել:

Հետաքրքիր է` եթե ոստիկանությունը որեւէ կերպ չարձագանքեր «օրենսդիրականների»` իրավական երանգներ պարունակող հրապարակային խոսքերին, այդ ժամանակ ի՞նչ մեկնաբանություն կլիներ նրանց կողմից: Որ իրավապահներն անտեսո՞ւմ են իրենց թիմակիցների նկատմամբ ապօրինությունները, անգործությո՞ւն դրսեւորում:

Ի դեպ, քննության ընթացքից ելնելով` հայտնի չէ անգամ` սպառնալիքների եւ ահաբեկումների մասին հայտարարություն արած ՀՀԿ-ականները որեւէ փաստ, ապացույց ներկայացրել են արդյոք իրավապահներին:

Տաթև Հարությունյան




Լրահոս