Շահնազարյանը հասցրեց մի քանի օրում մսխել տարիների իր վաստակն ու հեղինակությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ընտրացուցակի երրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի` այս օրերի պահվածքը գնալով մտահոգիչ է դառնում: Մտահոգիչ, որովհետեւ Շահնազարյանը կերպարանափոխվել է անճանաչելիորեն` հասցնելով ընդամենը մի քանի օրում մսխել տարիների իր վաստակն ու հեղինակությունը:

Հիշում եք Դավիթ Շահնազարյանին 1998թ. պետական հեղաշրջումից հետո, երբ հանդես էր գալիս արմատական ընդդիմության դիրքերից: Նաեւ 2008թ. մարտի 1-ին, երբ փորձում էր առաջնորդել Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ժողովրդին: Հիշում եք նրան նաեւ մարտիմեկյան իրադարձություններից հետո` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի միջազգային դատարան հայց ներկայացնելու համար ստորագրահավաք իրականացնելիս: Հիշում եք նրան Հայ Ազգային Կոնգրեսի կազմում, նաեւ ՀԱԿ-ից հեռանալուց հետո, երբ անխնա քննադատում էր ՀՀԿ իշխանություններին` անձամբ Սերժ Սարգսյանին մեղադրելով ամենատարբեր մեղքերի, այդ թվում` սեփական իշխանությունը պահպանելու, անձնական անվտանգության դիմաց երկրի ինքնիշխանությունը ՌԴ-ին զիջելու համար: Այսօր, սակայն, նույն Շահնազարյանը հանգրվանել է ՀՀԿ համամասնական ցուցակում, ու զարմանալի զուգադիպությամբ ճիշտ նույն տոնայնությամբ նույն մեղադրանքները հնչեցնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հասցեին` իհարկե, առանց որեւէ փաստարկ ներկայացնելու, ընդամենը իր խոսքերը համեմելով խորհրդավորության կեղծ շղարշով:

Ի դեպ, հանուն արդարության նշենք, որ Դավիթ Շահնազարյանը մի հարցում այնուամենայնիվ ճիշտ էր, երբ 2008թ. նախագահական ընտրարշավի օրերի մասին խոսելիս հայտարարել էր. «Ողջ նախընտրական շրջանում եւ այդ օրերին էլ ես ընդդիմադիր թեկնածուների որեւէ նախընտրական շտաբում ընդգրկված չեմ եղել»: Իսկապես այդպես է եղել: Ու վերջին օրերին Շահնազարյանի պահվածքից կարելի է ենթադրել` ինչու 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ նա օտարված էր այն ժամանակ խնամու` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի աշխատանքներից: ԵՒ Շահնազարյանն առաջին շարքերում հայտնվեց միայն այն ժամանակ, երբ արդեն մարտի 1-ի առավոտյան ձերբակալված կամ ընդհատակում էին հայտնվել Տեր-Պետրոսյանի շտաբի անդամները: Նաեւ կարելի է ենթադրել, թե ինչու էր Շահնազարյանն ակտիվ 2011թ.` Սերժ Սարգսյանի իշխանության հետ ՀԱԿ-ի այդպես էլ չստացված երկխոսության ժամանակ, եւ ինչու այդ երկխոսության տապալումից հետո` 2012թ. ԱԺ ընտրություններին, նա չընդգրկվեց ՀԱԿ ընտրացուցակում: Հենց դրանից նեղացած էլ Շահնազարյանը վերջնականապես խզեց կապերը ՀԱԿ-ի հետ: Նաեւ կարելի է ենթադրել, թե ինչու շատ ավելի վաղ Տեր-Պետրոսյանը նրան թույլ չտվեց դառնալ ՀՀՇ վարչության նախագահ:




Լրահոս