«Ես հավատում եմ, որ այն դրական տեղաշարժերը, որ մեր երկրին բերեց թավշյա հեղափոխությունը, շարունակական են լինելու եւ ճիշտ ուղով են տանելու մեզ: Ի տարբերություն իմ շրջապատից ոմանց՝ ոչ մի պարագայում չեմ հուսահատվում: Ժողովրդական շարժմանը, դրա ուժին հավատում եմ եւ հույսս չեմ կորցնում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Նաիրա Շահիրյանը:
Նրա համոզմամբ՝ հայաստանյան քաղաքական դաշտում դեռեւս չկա մի ուժ, որը կարող է ուժեղ ընդդիմություն լինել: Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա այն, տիկին Շահիրյանի խոսքով, պետք է որ շանսեր չունենա. «Հանրապետականների փոխարեն ես ընդհանրապես չէի մասնակցի ընտրություններին: Այդ կուսակցությունն առհասարակ չպետք է երեւար քաղաքական դաշտում: Քանի տարի էր՝ հանրապետականները երկրի ղեկին էին, ի՞նչ արեցին, որ նորից հավակնում են աթոռի: Անկեղծ ասած՝ ես չեմ հասկանում՝ այդքանից հետո ինչպես կարող են մարդիկ գնալ ու հանրապետականներին ընտրել»,-մեկնաբանեց դերասանուհին:
Բոլոր դեպքերում տիկին Շահիրյանը կարեւորում է ամեն մեկի ձայնը եւ հորդորում է քաղաքացիներին անպայման մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին. «Սկսած գործը հարկավոր է ավարտին հասցնել: Սեփական դիրքորոշումը ցույց տալու լավագույն պահն է, այնպես որ, չի կարելի հապաղել»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Մենք հետաքրքրվեցինք՝ տիկին Շահիրյանը որքանով է կարեւորում այն հանգամանքը, որ հեղափոխությունը մուտք գործի նաեւ թատրոններ, անմիջականորեն անդրադառնա դերասանների կենսամակարդակի վրա. «Եթե երկրի վիճակը լավանա (իսկ դրան պետք է նպաստենք յուրաքանչյուրս, այդ թվում՝ ընտրությունների միջոցով), կլավանա նաեւ թատրոնների վիճակը, չէ՞ որ իրավիճակը մշակույթի ոլորտում անմիջական արտացոլանքն է երկրի վիճակի: Եթե մարդիկ նորմալ աշխատավարձ ստանան, լավ տրամադրություն ունենան, թատրոն հաճախ կայցելեն, դերասանների համար էլ լավ կլինի: Ամեն բան փոխկապակցված է»,-եզրափակեց դերասանուհին:
Աննա Բաբաջանյան